«Բիրտ ուժի կիրառումը պայմանավորում եմ նրանով, որ իրենք ցանկանում են կրկին դուր գալ Ալիևին ու Էրդողանին». Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Երևանում բողոքի ակցիա իրականացնող երիտասարդների նկատմամբ  բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանության ոտնձգություններին։

«Իրականում մեր երիտասարդները հստակ օրակարգով բողոքում էին Եվրանեսթի վեհաժողովին մասնակցող ադրբեջանցի պատվիրակների դեմ։ Ոստիկանությունը բիրտ, կոպիտ և ապօրինի ուժ է կիրառել երիտասարդների նկատմամբ, այդ թվում՝ երիտասարդ աղջիկների, անչափահաս պատանու, նրանք ստացել են վնասվածքներ, վերջում էլ հարուցել են քրեական գործ։ Այս բիրտ ուժի կիրառումը պայմանավորում եմ նրանով, որ իրենք ցանկանում են կրկին դուր գալ Ալիևին ու Էրդողանին։ Գիտե՞ք, թե ինչքան տրամաբանական ու նորմալ էր, որ ինքնասիրություն ունեցող հայ մարդը, երիտասարդն իր վրդովմունքն էր արտահայտում։ Երբ այսօր Ադրբեջանում ունենք գերիներ, ունենք անհետ կորածներ, հազարավոր զոհեր, հայրենիքի կորուստ, և այդ իրավիճակում Ադրչբեջանի պատգամավորները հանգիստ գան վայելեն ու հայտարարեն, թե Արցախի հարցը փակված է»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նրա կարծիքով՝ հասարակության արձագանքն այս ամենին շատ մեղմ է եղել, պետք է լիներ ավելի կոշտ ու ընդգրկուն, ընդ որում, դա մեր բնական, մարդկային ու կարևոր իրավունքն էր, որը պետք է իրացվեր։

«Միջազգային կառույցների արձագանքների առնչությամբ մենք ասում ենք, որ երկակի ստանդարտները շատ հաճախ կիրառվում են իրավիճակին գնահատական տալու համար»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս