Թալիբների կարծիքով Աֆղանստանի իշխանությունների ճանաչման գործում առաջընթաց է ձեռք բերվել
Աֆղանստանում իշխանության հասած «Թալիբան» արմատական շարժումը կարծում է, որ երկրի ներկայիս կառավարության միջազգային ճանաչման գործընթացում առաջընթաց է ձեռք բերվել՛ Այդ կարծիքն է հայտնել շարժման քաղաքական գրասենյակի անդամ Անաս Հաքանին։
«Թալիբանի» կազմած կառավարության ճանաչման գործընթանցն ընթանում է հանգիստ, այդ ուղղությամբ առաջընթաց է ձեռք բերվել»,- նշել է Հաքանին, որի խոսքը փետրվարի 23-ին մեջբերում է Աֆղանստանի Asvaka գործակալությունը: Նա հավելել է, որ «ներկայումս Քաբուլում (գործում են) օտարերկրյա պետությունների բազմաթիվ դեսպանություններ եւ (միջազգային) ներկայացուցչություններ»: Թալիբների ներկայացուցչի կարծիքով՝ «դա քաղաքական ջանքերի եւ Աֆղանստանի ներկայիս կառավարության ճանաչման լուռ գործընթացի արդյունքն է»:
«Թալիբան» շարժումն Աֆղանստանի նկատմամբ վերահսկություն հաստատելու ընդգրկուն գործողություն ծավալեց անցյալ տարվա գարնանն ԱՄՆ-ի կղմից իր զինված ուժերը երկրից դուրս բերելու որոշման մասին հայտարարությունից հետո: 2021 թվականի օգոստոսի 15-ին թալիբերն առանց մարտի մտան Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարեցին ամբողջ աֆղանական տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, իսկ սեպտեմբերի 7-ին հրապարակեցին ժամանակավոր կառավարության կազմը, որի օրինականությունն առայժմ չի ճանաչել ոչ մի երկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: