Չի կարող որևէ կառավարության ղեկավար ասել, որ ես աշխատել եմ այդ կառավարության ղեկավարի կամ կառավարության ազդեցության ներքո. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպանի ամփոփիչ ասուլիսում 168.am-ը Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ հաճախ իշխանական շրջանակներն իրենց են վերագրում իր՝ մինչև լիազորությունների ավարտը պաշտոնավարելու դրվագը, և այն հանգամանքին, որ այս ընթացքում ականատես ենք եղել ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնելու փորձերին:

Մարդու իրավունքների պաշտպանն ի պատասխան՝ նշեց.

«Ես առաջին օրից սկսած՝ երբեք չեմ անձնավորել իմ աշխատանքը, երբ աշխատել եմ գործընկերների հետ: Սա շատ հստակ եղել է: Չի կարող որևէ կառավարության ղեկավար ասել, որ ես աշխատել եմ այդ կառավարության ղեկավարի կամ կառավարության ազդեցության ներքո: Այս կառույցը մշտապես է եղել անկախ. գործել ենք բարձր լեգիտիմության պայմաններում: Ես ինքս չեմ սիրել նաև երբեք զոհի կարգավիճակով ներկայանալ»:

Այդուհանդերձ, Արման Թաթոյանը թվարկեց խնդիրներից մի քանիսը, որոնց բախվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ ֆինանսական անկախությունը վերացնելուն ուղղված փորձեր, մեքենաների մեծ մասը վերցնելու նախագիծ, գրեթե երկու տարի կառավարության կողմից քաղծառայության խորհրդի սխալ պատկերացման հետևանքով կառույցի անվանացանկի ու պաշտոնների ցանկի չհաստատում:

«Այս կառույցն ամբողջությամբ ընկալվում է մի ինչ-որ գերատեսչություն (ես ամենայն հարգանքով՝ գերատեսչություններում աշխատող կոնկրետ մարդկանց նկատմամբ), բայց ՀՀ ՄԻՊ հաստատությունը երկրի Սահմանադրական միակ իրավապաշտպան կառույցն է, և միջազգային կանոնների համաձայն՝ աշխատակիցների վարձատրությունը, վերաբերմունքը չպետք է լինի ավելի պակաս՝ քան ԱԺ-ի, վարչապետի աշխատակազմի և նախագահի աշխատակազմի,- պարզաբանեց Արման Թաթոյանը,ապա վստահեցրեց,- Իմ պաշտոնավարումը ոչ թե ինչ-որ քաղաքական անձի, պաշտոնյայի կամ քաղաքական ուժի մեծահոգության արդյունքն է, այլ իմ և իմ անձնակազմի, մեր թիմի նվիրվածությունը մեր առաքելությանը, մեր երդմանը և մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու առաջնահերթությանը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս