Պուտինն Ալիևին հեռացրեց թե՛ Թուրքիայից, թե՛ Ուկրաինայից, և կապեց իրեն. Տիրան Լոքմագյոզյան

Ռուսաստան-հավաքական Արևմուտք աշխարհաքաղաքական առճակատման հերթական պիկում՝ Դոնբասում բռնկված ռազմական լարվածության ֆոնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը։

Մինչ ճանաչմանը կհաջորդի Պետդումայում հաստատումը՝ ԱՄՆ-ն ու Արևմուտքը հանդես է եկել դատապարտող հայտարարություններով:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը՝ հիշեցնելով Մինսկի համաձայնագրերի մասին և արձանագրելով, որ կատարվածով բացահայտ խախտվում է Ուկրաինայի քաղաքական միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

«Ռուսաստանի խնդրո առարկա որոշումն անընդունելի ենք համարում և մերժում ենք այն։ Այս առիթով մենք ընդգծում ենք մեր հավատարմությունն Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը և բոլոր կողմերին ողջախոհության և միջազգային իրավունքը հարգելու կոչ ենք անում»,- մասնավորապես ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ հենց այսօր Թուրքիայի «կրտսեր եղբայր, դաշնակից ու գործընկեր» Ադրբեջանը պատրաստվում է դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր ստորագրել: 

Փորձագետներն արձանագրում են՝ քաղաքական գործընթացների այս համատեքստում Ադրբեջանը հայտնվում է աշխարհաքաղաքական յուրատիպ թակարդում:

«Այս գործընթացներում ամենահետաքրքիրն Ադրբեջանի հետ կատարվածն է. շատ հետաքրքիր շախմատային քայլ արեց Պուտինը սրանով: Ալիևն Էրդողանի հետ է աշխատում, Էրդողանն Ալիևին թիկունք է կանգնում, Ուկրաինան ևս Ադրբեջանին թե՛ այս, թե՛ առաջին պատերազմում թիկունք էր կանգնել և միշտ պրոադրբեջանական կեցվածք որդեգրել, իսկ այս ամենանեղ պահին, փաստորեն, Պուտինն Ադրբեջանին իր կողմը գրավեց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Թուրքագետն արձանագրեց՝ Ալիևի հետ դաշնակցային փոխգործակցության հաստատմամբ՝ Ռուսաստանն Ադրբեջանի համար նոր իրավիճակ ստեղծեց.

«Ալիևն այսօր արդեն չի կարող երկու տիրոջ ծառա լինել՝ այն էլ բացահայտ կերպով. Պուտինն Ալիևին հեռացրեց թե՛ Ուկրաինայից, թե՛ Թուրքիայից, և կապեց իրեն»:

Նա չբացառեց, որ պայմանագրի ստորագրումից առաջ Թուրքիայի կողմից ճնշումներ կլինեն, այդուհանդերձ համոզում հայտնեց՝ պայմանագիրը կստորագրվի:

Անդրադառնալով տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի վրա ռուս-թուրքական շահերի հերթական բախման հետևանքներին՝ Տիրան Լոքմագյոզյանը նկատեց, որ Հայաստանում այլ կառավարության պարագայում դա դրական կազդեր գործընթացների վրա, ականատես կլինեինք ՌԴ-ի հետ առավել սեղմ համագործակցության:

«Սակայն այս կառավարությունով, կարծում եմ, մենք հնարավոր է՝ նորից մեր դեմ աշխատենք, ՌԴ-ի դեմ աշխատենք և Թուրքիայի օգտին»,- եզրափակեց թուրքագետը:

Տեսանյութեր

Լրահոս