«Վլադիմիր Իլյիչ Լենինն Ուկրաինայի հեղինակն է»․ Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը

Քիչ առաջ Ռուսաստան- հավաքական Արևմուտք աշխարհաքաղաքական առճակատման շրջանակում Դոնբասում բռնկված ռազմական լարվածության ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը։ Այդ մասին ՌԴ նախագահը հայտնեց քիչ առաջ ՌԴ ժողովրդի համար պատրաստած հրատապ տեսաուղերձում։

Պուտինն իր ուղերձը սկսեց պատմական ակնարկով այն մասին, թե ինչ տարածքի վրա է, ըստ նրա, ձևավորվել Ուկրաինան։ Նա հայտարարեց, որ Լենինն ու նրա համախոհներն են ստեղծել ժամանակակից Ուկրաինան Ռուսաստանից տարածքների օտարման ճանապարհով:

Պուտինն ընդգծեց, որ ներկայիս Ուկրաինան ամբողջությամբ ստեղծվել է կոմունիստական Ռուսաստանի կողմից: Նրա որակմամբ, Ուկրաինան կարելի է անվանել «Վլադիմիր Իլյիչ Լենինի անունով», նա դրա հեղինակն է։

Իր ծավալուն ուղերձի ամփոփիչ հատվածում ՌԴ նախագահը ներկայացրեց նաև այն անվտանգային պահանջները, որոնք Ռուսաստանը ներկայացրել էր իր արևմտյան գործընկերներին, որոնց շուրջ բանակցություններն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ, ըստ էության, տապալվեցին։ Նախատեսվում է, որ համապաստախան փաստաթղթերը կպատրաստվեն, ըստ Պուտինի, հաշված ժամերի ընթացքում։

Հիշեցնենք, որ երեկոյան ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ: «Հարգելի գործընկերներ, ես ձեր կարծիքները լսեցի:

Որոշումները կընդունվեն այսօր: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հանդիպման ու խորհրդակցության համար»,-ասել է Վլադիմիր Պուտինը այսօր հրավիրված ընդլայնված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և խորհրդի այլ անդամներ: Իր այս որոշումից առաջ Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, վերջիններիս տեղեկացնելով իր որոշման մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին խորհրդակցություններ է անցկացրել ինչպես Մակրոնի ու Շոլցի հետ, այնպես էլ հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ևս Ելիսեյան պալատում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել այս րոպեներին։

Ավելի վաղ՝ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները կողմ էին քվեարկել նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին, որով խնդրում են ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության հեղինակած փաստաթղթին կողմ է քվեարկել 351 պատգամավոր, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 1-ը։

Նման ճանաչումը, ըստ ռուսաստանցի օրենսդիրների, «հիմքեր կստեղծի արտաքին սպառնալիքներից և ցեղասպանության քաղաքականության իրականացումից» ինքնահռչակ հանրապետությունների բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովման, ինչպես նաև «միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար»։

Տեսանյութեր

Լրահոս