Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու մրցույթն ավարտվել է. հայտնի է, թե ովքեր են եղել ժյուրիի կազմում ու ինչ են որոշել
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի մրցույթն ամփոփել է փետրվարի 20-ին, սակայն վերջնական որոշում չեն կայացրել: Խորհրդի անդամներին երկու շաբաթ ժամանակ է տրվել, որպեսզի քննարկեն և որոշեն լավագույն նախագիծը:
Մասնակիցներից քանդակագործ Հովհաննես Պապոյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տեղի է ունեցել քննարկում, մասնակիցների թիվը եղել է մոտ 200, իսկ հանձնաժողովում ընդգրկված են եղել տարբեր մասնագիտությունների մարդիկ՝ ճարտարապետներ, նախագծողներ, մշակույթի, արվեստի գործիչներ, հոգևորականներ, անգամ պատգամավոր՝ Արցախի Ազգային ժողովից:
Ներկայացվել է 30-40 քանդակ, մնացածն էսքիզների տեսքով են եղել:
«Ժյուրիի անդամները եղել են արվեստագետներ ու մտավորականներ: Շատ գրագետ խոսեց սեյսմոլոգը՝ ճիշտ շեշտադրումներ արեց, որոնց հետ բոլորս էլ համաձայն էինք: Նա նշեց, որ նմանատիպ մեծածավալ աշխատանքի ժամանակ պարտադիր պետք է հաշվի առնել երկրաշարժի գործոնը»,- նշեց քանդակագործը:
Նրա փոխանցմամբ՝ հստակ չի որոշվել նաև քանդակը տեղադրելու հարցը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ անդրադարձել էր մրցույթին՝ նշելով. «Քրիստոսի արձանը եկեղեցի չէ։ Այն հուշարձան է, որը կարող է վեր հառնել բարձունքին՝ որպես ճարտարապետական կոթող։ Ես պատրաստ եմ քննարկել մեր եկեղեցու հետ, լսել առաջարկները և խորհուրդները։
Արձանի նախագծի համար հայտարարվել է մրցույթ։ Թող մասնագետները, ճարտարապետները ներկայացնեն հետաքրքիր լուծումներ, հետաքրքիր գաղափարներ, թող լինի բաց քննարկում, թող լինի հանրային քննարկում։ Թող սա իսկապես լինի մտքի, գաղափարի մրցույթ։ Որևէ վատ բան կա՞ այստեղ։
Ասում են նաև, որ այն կարող է դառնալ միայն տուրիստական հետաքրքրության կոթող։ Ինչ կդառնա՝ կորոշի մարդը, հայը, քրիստոնյան, հյուրը։ Իսկ ի՞նչ վատ բան կա, որ այդ արձանն օգնի տուրիստական հոսքերի մեծացմանը դեպի մեր երկիր։ Արդյո՞ք տուրիստական հոսքեր ապահովելը մեր պետության շահի մեջ չի մտնում։ Տեղեկացնեմ նաև, որ այլ երկրներում արդեն խանդով են վերաբերվել այս գաղափարին՝ համարելով, որ Հայաստանը կարող է քրիստոնյա աշխարհի կողմից մեծ հետաքրքրություն ստանալ։ Ամփոփելով՝ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել գաղափարի աջակիցներին և նրանց, ովքեր փաստարկված առարկություններով էին հանդես եկել։ Հուսով եմ, իմ բացատրությունները համոզիչ էին։ Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է։ Այն երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա, որի կարիքը մեր պետությունը և հայ ժողովուրդն անկասկած ունի։ Իսկ ինչ վերաբերում է մեր երկրի տնտեսությունը զարգացնելուն, կարիքավորներին օգնելուն, Արցախի կողքին կանգնելուն, բարեգործություն անելուն, դպրոց ու մանկապարտեզ կառուցելուն, ապա միշտ արել եմ և այսուհետ նույնպես անելու եմ։ Այն չի գալիս փոխարինելու մյուս ծրագրերին»:
Լուսանկարը՝ aravot.am-ի