Բաժիններ՝

«Ֆիզգորոդոկ»-ում անցած տարվա վերջից սպասում են քաղաքապետի հրապարակավ խոստացած այցելությանը

«Ֆիզգորոդոկ»-ում փետրվարի 15-ին շինհրապարակից հեռացվել է գիտավանում ապօրինի շինարարության մեջ ներգրավված շինտեխնիկան:

Բնակիչները կարծում են, որ հավանաբար դրա համար հիմք են հանդիսացել նախաձեռնող խմբի վեր հանած բացահայտումները, որոնցով թաղամասի բնակիչները դիմել էին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին:

Նույն հարցերով դիմել ենք նաև Երևանի քաղաքապետին:

«Մենք անցած տարվա վերջից սպասում ենք քաղաքապետի հրապարակավ խոստացած այցելությանը «Ֆիզգորոդոկ», իսկ մինչ դա տեղի կունենա՝ բացահայտվել են կառուցապատող «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի հետ կապված նոր խայտառակ խախտումներ, որոնք պահանջում են հենց քաղաքապետի անհապաղ միջամտությունը»,- մեզ հետ զրույցում նշեցին գիտավանի բնակիչները:

Նրանց խոսքով՝ «ՌԱՏԿՈ»-ին 29.07.2021թ. տրամադրված շինթույլտվությունը հիմնված է ակնհայտ կեղծիքի վրա:

«Շինթույլտվության մեջ նշված է, որ «ՌԱՏԿՈ»-ի նախագծային փաստաթղթերը ստացել են «ԱՐՏՊՐՈ» ԱԿ (Լիցենզիա 16682) 12.05.2021թ. հ. Փ-03 փորձագիտական դրական եզրակացությունը:

Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքի՝ լիցենզավորված կազմակերպությունների ցանկերի «ԱՐՏՊՐՈ»-ն փորձաքննության բնագավառում լիցենզավորված անձ չի հանդիսացել 12.05.2021թ. դրությամբ:

«ԱՐՏՊՐՈ»-ի 10.11.2017թ.-ին տրված «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն» թիվ 16682 լիցենզիան ուժը կորցրել է, քանի որ այդ տեսակի բոլոր լիցենզիաների գործողությունը դադարել է օրենքի ուժով 01.01.2020թ.-ից՝ համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների:

Նոր տեսակի լիցենզիա («Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն») «ԱՐՏՊՐՈ»-ն չի ստացել: Ուստի, նախագիծը չի անցել պարզ փորձաքննություն, ինչի պարագայում չէր կարող անցնել նաև պետական համալիր փորձաքննություն: Շինթույլտվությունը անվավեր ճանաչելուց առաջ և առաջին հերթին, կարծում ենք, որ հարկավոր է անհետաձգելի քայլեր ձեռնարկել ակնհայտ անհիմն շինթույլտվության հիման վրա շինարարական աշխատանքների անհապաղ կասեցնելու ուղղությամբ:

Այդ աշխատանքներով արդեն իսկ հսկայական վնաս է պատճառվել նորահայտ հուշարձան ճանաչված Ֆիզիկայի ինստիտուտի բանավանին՝ հայտնի և բոլորի կողմից սիրված կանաչապատ «Ֆիզգորոդոկ»-ին, թաղամասի բոլոր բնակիչներին, ամբողջ Երևան քաղաքին և ողջ Հայաստանի Հանրապետությանը: Ապօրինի շինթույլտվությունն անվավեր ճանաչելու ուղղությամբ հանրային շահերից ելնելով անհապաղ քայլեր ձեռնարկելը Երևանի քաղաքապետի՝ որպես տեղական հանրային իշխանության, օրենքից բխող պարտականությունն է»,- պնդում են նրանք:

Հավելենք, որ «ՌԱՏԿՈ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Արթուր Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտնել է, որ 2018 թվականից փորձաքննություններ է անցել, և ի սկզբանե բնակչությանն իրազեկել են նախագծի մասին, եղել են հանրային լսումներ: «Բնակիչների պատճառաբանությունները հետևյալ բնույթի էին հիմնականում. Այնտեղ բնակվողների կյանքի որակը կփոխվի, քանի որ բնակչությունը կավելանա: Կամ սկյուռիկներ կան, շինարարության ընթացքում կփախչեն: Մեքենաների քանակը կավելանա, կողքի շենք արև չի ընկնի, և այլն: Հետո բոյկոտեցին լսումները՝ չուզենալով լսել մեր պատասխանները: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 202 հոդվածի համաձայն՝ բոլոր ծառերը, որոնք գտնվում են մեր տարածքում, մեր սեփականությունն են, և իրավունք ունենք տնօրինել մեր հայեցողությամբ: Քաղաքապետարանը հաշվառել է բոլոր ծառերը, և մենք պարտավորվել ենք՝ ինչպես մեր տարածքում, այնպես էլ՝ ամբողջ Ֆիզիկայի բանավանում կրկնակի, եռակի ավելի ծառեր տնկել և խնամել»,- Հանրային հեռուստաընկերությանն ասել է «ՌԱՏԿՈ» ՍՊԸ տնօրենը:

Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել է, որ հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին, Երևանի քաղաքապետարանն իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը: Այդ տարածքում արդեն տրված է եղել 12 հարկանի շենքի շինթույլտվություն 2007 և 2012 թվականներին: 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները:

ԿԳՄՍՆ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը՝ որպես նորահայտ հուշարձան, այնուհետև՝ 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորն այդ տարածքից: 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը պարտավոր է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին, և տարածքն ընդգրկված չէ հուշարձանների ցանկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս