«Այդ գաղափարները նախ կփրկեին շատ կյանքեր և կապահովեին ապագայի համար շրջանակ, որն ավելի ուժեղ, երկարատև կլիներ, քան ներկայիս պայմանավորվածությունները»․ Ջեյմս Ուորլիքը՝ 2015-2016թթ․ ռուսական առաջարկների մասին. Infocom.am

«Արտգործնախարար Լավրովն ուներ արտառոց փորձառություն տարածաշրջանում և մասնավորապես Լեռնային Ղարաբաղում, նա սեղանին դնում էր շատ գաղափարներ, թե ինչպես, նրա կարծիքով, կարող էր լինել խնդրի երկարատև կարգավորումը»,-այս մասին Infocom.am-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Ջեյմս Ուորլիքը` անդրադառնալով 2015-2016թթ․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներին՝ ռուսական առաջարկներին կամ «Լավրովի պլան» անունով հայտնի փաստաթղթին։

Հարցին, թե ի՞նչ դերակատարություն են ունեցել ԱՄՆ-ն ու Ֆրանսիան այս առաջարկների նախապատրաստման գործընթացում և արդյոք այդ առաջարկները միայն Ռուսաստանի՞ կողմից էին, Ուորլիքը պատասխանել է, որ դա եղել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շրջանում և արտգործնախարար Լավրովի հետ քննարկման առարկա։

Նրա խոսքով, արտգործնախարար Լավրովն ուներ արտառոց փորձառություն տարածաշրջանում և մասնավորապես Լեռնային Ղարաբաղում և նա սեղանին դնում էր շատ գաղափարներ, թե ինչպես, նրա կարծիքով, կարող էր լինել խնդրի երկարատև կարգավորումը։

«Եվ դրանք հարցեր էին, որոնք մենք քննարկել ենք համանախագահների մակարդակով` մայրաքաղաքներում և որոշել ենք առաջ շարժվել այդ գաղափարների ուղղությամբ` որպես շրջանակ կողմերի միջև քննարկումների համար։ Եվ այդ քննարկումը սկսվեց»,-ասել է Ուորլիքը, շարունակելով, որ իրենք այդ փուլում առնվազն ոգևորված էին, որ գործընթաց էր սկսվել։ Նրա որակմամբ, դա կարելի է դիտարկել որպես համագործակցային գործընթաց ռուսների, արտգործնախարար Լավրովի հետ:

Հարցին, թե կայի՞ն արդյոք որոշ էլեմենտների շուրջ տարաձայնություններ համանախագահների միջև, Ուորլիքն արձագանքել է` ասելով, որ իրենք ընդհանուր առմամբ համաձայն էին։

«Այն, ինչ մենք փորձում էինք անել, գտնել առաջ գնալու ճանապարհ նախագահ Ալիևի և այդ ժամանակ նախագահ Սարգսյանի հետ, փորձում էինք բացահայտել՝ արդյոք կարո՞ղ ենք այդ գաղափարներն այնպես կառուցել, որպեսզի դրանք ընդունելի լինեն բոլոր կողմերի համար։ Եվ ես կարծում եմ, որ մենք լավ, բայց ոչ բավարար առաջընթաց էինք գրանցել, կարծում եմ, որ հարկավոր էր ավելի շատ հանձնառություն` ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից այդ գաղափարների ուղղությամբ առաջ շարժվելու համար։ Հետադարձ հայացք նետելով՝ կարծում եմ, որ այդ գաղափարները առաջին հերթին կփրկեին շատ կյանքեր և կապահովեին ապագայի համար շրջանակ, որն ավելի ուժեղ, երկարատև կլիներ, քան ներկայիս պայմանավորվածությունները»,-նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Մեկ այլ հարցի, թե այս առաջարկները Հայաստանում էակապես քաղաքականացվում են՝ իշխանությունն, ընդդիմությունը օգտագործում են այս առաջարկները միմյանց թիրախավորելու համար, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս պնդեց, որ 2015-2016թթ․ ռուսական առաջարկներով ԼՂ-ն կորցրել էր տեսական ու պրակտիկ հնարավորությունը չլինել Ադրբեջանի կազմում, ճի՞շտ է արդյոք այս պնդումը, Ուորլիքը պատասխանել է, որ առաջին հերթին պետք է հասկանալ քաղաքական դինամիկան Հայաստանի ու Ադրբեջանի միջև մասնավորապես այդ շրջանում։

Նա նաև նշում է, որ այդ տարրերից որոշները կողմերից մեկի հավանությանը կարող էին արժանանալ, բայց ոչ մյուսի։ «Ինչպես նաև դուք պետք է հիշեք, որ սա լուծում չէր, որը դրվել էր երկու կողմի ընդունման համար, դա քննարկումների համար շրջանակ էր։ Մենք գիտեինք, որ լինելու են խոչընդոտներ, լինելու են դրույթներ, որոնք Հայաստանը ողջունելու է, բայց մնացածը մերժելու է։ Ցավոք սրտի` այն, ինչ տեղի ունեցավ, այն է, որ այդ քննարկումը տապալվեց»,-ասել է Ուորլիքը` շարունակելով, որ կողմերը չմոտեցան կետին, չեղավ բանակցված փաստաթուղթ, դրանք սկզբունքներ էին, համընդհանուր կառուցվածքը, քննարկումները շարունակելու համար։ Նրա պարզաբանմամբ, այդ քննարկումները պետք է լինեին մանրամասն, քանի որ իսկապես կային շատ մանրամասներ, որոնք պետք է մշակվեին։

Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին և հնչեցված այն կարծիքներին, իբրև թե Ադրբեջանը համաձայնել է կանգնեցնել ռազմական գործողությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն բանավոր խոստման դիմաց, թե ավելի կներգրավվի բանակցային գործընթացում՝ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահը նշել է, թե չի կարծում , որ այդ բանն ասվել է այնպես, ինչպես ներկայացվում է.

«Ես կարծում եմ, որ մենք բոլորս փորձում էինք ընկալելի դարձնել, որ ռազմական գործողությունները կարող են սրվել և կարող են շատ վտանգավոր դառնալ, դուրս գալ ԼՂ-ից։ Եվ կարևոր էր կողմերին վերադարձնել բանակցային սեղան»,-հստակեցրել է Ուորլիքը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս