«Բարեվարքությունը նրա մասին է, թե ինչ մարդ է մարդը». Կարեն Անդրեասյան
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 2-րդ նիստը մեկնարկեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման օրակարգային հարցից:
Առաջին նիստը տեղի էր ունեցել փետրվարի 16-ին: Այսօրվա նիստը մեկնարկեց բացակա անդամներով. Ինչպես առաջին նիստին, այսօր էլ ներկա չէր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
Ինչևէ, ներկայացվեց հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, նրանց ներկայացվելիք պահանջները:
Խորհուրդը որոշեց թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլն ուղիղ եթերով չհեռարձակել՝ վերջիններիս չկաշկանդելու համար, սակայն թափանցիկության ապահովման միտումով այն տեսաձայնագրել, որը կարող է հրապարակվել միայն Խորհրդի որոշմամբ, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
«Չեմ կարծում, որ մեծ քանակով լավ որակի մասնագետներ են դիմելու մեզ: Եղածներին չխրտնեցնելու համար նպատակահարմար է ուղիղ չհեռարձակել հարցազրույցի փուլը: Եվրապական դատավորների ընտրությունն ուղիղ հեռարձակվեց, բայց այդտեղ մարդիկ մոտիվացիա ունեին, 9 տարի պետք է աշխատեր հաղթողը, իսկ այս դեպքում ընդամենը մեկ տարով է աշխատանքը»,- ասաց Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:
Բավականին երկար քննարկվեց թեկնածուներին տրվելիք հարցերի ու թեմաների շրջանակը, ընդհուպ՝ կարելի՞ է արդյոք թեկնածուին տալ անձնական կյանքի վերաբերյալ հարցեր, կամ բարեվարքության հարցերն ի՞նչ ընդգրկում կարող են ունենալ, և, մասնավորապես, կարելի՞ է արդյոք թեկնածուին տալ վերջինիս քաղաքական կողմնորոշման մասին հարցեր:
Ի վերջո, որոշվեց քվեարկության դնել 0-100 միավորի սահմաններում 2 չափանիշ՝ բարեվարքությունը և մասնագիտական որակները, գնահատելու հարցը:
Տիգրան Եգորյանը, սակայն, դեմ էր ձևակերպմանը: Այս առնչությամբ նաև վիճաբանություն տեղի ունեցավ Կարեն Անդրեասյանի և նրա միջև: Տիգրան Եգորյանի դիրքորոշմանն աջակցեց նաև Արթուր Սաքունցը: Վերջիններս պնդում էին՝ պետք է լինեն բարեվարքության կոնկրետ չափանիշներ, մինչդեռ Կարեն Անդրեասյանը կողմ էր սեփական խղճի ու համոզմունքների մտոք ընդհանուր միավորային գնահատմանը ու դրա արդյունքների միջինացմամբ՝ թեկնածուների ընտրությանը:
«Բարեվարքությունը նրա մասին է, թե ինչ մարդ է մարդը»,- բարեվարքության մասին իր պատկերացումները հայտնեց Կարեն Անդրեասյանին:
Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց վերջապես քվեարկել, այլապես այս քննարկումը դիտողներն իրենց լուրջ չեն վերաբերվելու:
Ի վերջո, քվեարկության դրվեց երկու հարց՝ ո՞վ է կողմ, որ հարցերը լուծվեն գնահատմամբ, առանց քննարկման ու քվեարկության, և ո՞վ է կողմ, որ հարցերը լուծվեն քննարկմամբ և քվեարկությամբ:
Հինգ կողմ ձայներով ընդունվեց գնահատմամբ, առանց քննարկման ու քվեարկության ընտրության տարբերակը, որից հետո կընտրվեն 5 թեկնածուները:
Որոշվեց նաև գնահատման 100 միավորը դարձնել 10, ընդ որում՝ սահմանվեց նաև անցողիկ ամենացածր շեմ՝ 7 միավոր:
Խորհուրդը որոշեց նաև թեկնածուների դատվածության վերաբերյալ տեղեկանքի ներկայացումը չեղարկել և բավարարվել միայն դատված չլինելու վերաբերյալ թեկնածուի բանավոր հայտարարությամբ:
«Եթե խաբի ու դատված լինի իրականում, ոնց էլ լինի, մի տեղից դուրս կգա, էլի»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Որոշեցին նաև սահմանափակում մտցնել միայն դիտավորությամբ կատարված և կոռուպցիոն հանցակազմով դատվածություն ունեցող անձանց պարագայում:
Օրակարգային հաջորդ հարցը Արթուր Սաքունցի ներկայացրած հայեցակարգն էր՝ հանձնաժողովի աշխատանքները փուլային տարբերակով անցկացնելու մասին: Վլադիմիր Վարդանյանը թեպետ կողմ էր փոփոխությունների փուլային տարբերակին, բայց առարկություններ ուներ այդ փուլերի բովանդակության վերաբերյալ և առաջարկեց այսօր չքվեարկել այդ հարցի վերաբերյալ:
Դանիել Իոաննիսյանը նույնպես ասելիք ուներ այս առնչությամբ:
«2013-2015թթ. գործող մարմինը կամ առհասարակ այդ պահին գործող իշխանությունը, որը մշակեց այս պահին գործող Սահմանադրությունը, բավականին անազնիվ էր, որովհետև հայեցակարգի մեջ գրված էին բաներ, որոնք տեղ չգտան նախագծի մեջ: Ինչ-որ առումով խաբեություն կար էդտեղ՝ մի կողմ դրած այդ պրոցեսի բոլոր պրոբլեմները: Մենք, բնականաբար, չենք գնալու այդ խաբեությանը: Բովանդակության գեներացիայի ամենակարևոր մասը հենց հայեցակարգն է լինելու: Տեքստը, շարադրանքը լինելու է ածանցյալ, և դրա համար թե կտոր-կտոր, և թե ամբողջական քննարկումները պետք է լինեն հենց հայեցակարգի շուրջ, ոչ թե վերջնական տեքստի»,- ասաց նա՝ հավելելով, որ փուլերը պետք է որոշակի փոփոխության ենթարկվեն:
Կարեն Անդրեասյանի առաջարկն էլ Սփյուռքի անհատներին ու կազմակերպություններին հենց այսօրվանից առաջարկներ ներկայացնելու թույլտվություն տալն էր ու դրա վերաբերյալ հայտարարություն անելը:
«Ի՞նչը և ինչո՞ւ կուզեիք փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ»,- այսպիսին էր այն հարցը, որի վերաբերյալ Խորհուրդը ցանկանում է ստանալ Սփյուռքի և տեղի մեր հայրենակիցների կարծիքները:
Մանրամասները՝ տեսանյութում