
Հարավային Կորեան և ԱՄՆ-ը դիտազննում են ԿԺԴՀ-ի քայլերը հրթիռա-միջուկային բնագավառում

Կորեայի Հանրապետության իշխանություններն ԱՄՆ-ի հետ համատեղ ուշադրությամբ հետեւում են ԿԺԴՀ-ի գործունեությանը միջուկային ոլորտում: Փետրվարի 14-ին Սեուլում լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչ Լի Չժոն Չժուն։
«Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի գործունեությանը հրթիռա-միջուկային ոլորտում, մենք ուշադրութամբ հետեւում ենք դրան Միացյալ Նահանգների հետ սերտ համակարգմամբ»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Օլլի Հեյնոնենն «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատմել է, որ ԿԺԴՀ-ն կարող էր վերականգնել զինագործական ուրանի եւ պլուտոնիումի արտադրությունը Յոնբյոնի միջուկային համալիրում:
Նրա խոսքով՝ դրա անուղղակի նշաններ են երեւում կենտրոնի արբանյակային լուսանկաներում: Յոնբյոնի համալիրում են գտնվում ուրանի հարստացման գործարանը եւ 5 մեգավատ հզորությամբ ռեակտորը, որը ԿԺԴՀ-ի մասնագետները կառուցել են 1986 թվականին: Փորձագետների գնահատմամբ՝ մեկ տարում այնտեղ կարելի է ստանալ բավականաչափ նյութեր մի քանի միջուկային լիցքերի պատրաստման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: