Ինչո՞ւ Առաջին աշխարհամարտից հետո հայերը հույսեր կապեցին ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Անդրկովկասից պետք է դուրս գային թուրքական և գերմանական զորքերը։ Թուրք-գերմանական զորքերին փոխարինելու եկան անգլիական զորքերը։ Արդեն իսկ 1918 թվականի նոյեմբերին անգլիական զորքերը գրավեցին Բաքուն։
Մուդրոսի զինադադարով Թուրքիան իր զորքերը պետք է դուրս բերեր Անդրկովկասից։ Հետագայում, սակայն, տեսնում ենք, որ Բաքվին ու Բաքվի նավթային պաշարներին տիրացած անգլիացիները թուրքերին թույլ տվեցին, որպեսզի նրանք դեռևս մնան Անդրկովկասում։ Առաջին աշխարհամարտից ու դրանից հետո տեղի ունեցող իրադարձություններն ուղղակի իրենց ազդեցությունն ունեցան մեր տարածաշրջանի վրա։ Պատերազմից հետո տարածաշրջանային վերադասավորումների ու տարածաշրջանում հայտնված նորեկների վարած քաղաքականության մասին շատ ենք խոսել։ Հատկապես` բրիտանացիների, ովքեր բոլոր տեղերում վարում էին բացառապես հակահայկական քաղաքականություն։ Այդ շրջանի մասին գրություններ շատ կան, որոնց մեջ արժեքավոր են նաև Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քազանունու աշխատությունները։ Բացառիկ է հատկապես Քաջազնունու «Ռուսաստան թե Թուրքիա. Բաց նամակ Z-ին» գիրքը, որի սկզբում նա ներկայացնում է աշխարհաքաղաքական իրավիճակը և տարածաշրջանային պետությունների մտայնությունները.
«Ո՞ւմ հետ կարող է դաշնակցել Անդրկովկասը` իբրև պետական մի ամբողջություն։
Թուրքիայի կամ Ռուսաստանի,- երրորդը չկա ասպարեզում։
Մեծ պատերազմից անմիջապես հետո, երբ չարաչար պարտված էին թե՛ Թուրքիան, և թե՛ Ռուսաստանը, հայերը խանդավառ հույսեր ունեին դրած Արևմտյան Եվրոպայի (հատկապես՝ հաղթական Անգլիայի) ու Ամերիկյան Միացյալ Նահանգների վրա։
«Մանդատների» ու «մանդատեորների» շրջանն էր այն շրջանը։
Իրականությունը ցույց տվեց, սակայն, թե որքան ցնորամիտ էին եղել հույսերը։ Շատ դռներ բախեցինք, շատ շեմքեր մաշեցինք, բայց Արևմուտքից չեկավ «մանդատեորը» մեր երկիրը փրկելու, մեր նորածին պետությանը թև տալու։
Ինչո՞ւ չեկավ։
Հանգամանքներն այնքան նպաստավոր էին, այնքան գայթակղեցուցիչ…
Թուրքիան, պարտված ու արյունաքամ, քաշել էր զորքերն Անդրկովկասի սահմաններից դուրս, սարսափահար սպասում էր հաղթողների անողոք դատավճռին, և ամենամեծ հույսը, ամենամեծ իղձը, որ կարող էր ունենալ այն օրերին -իր սեփական գոյությունը փրկելն էր-թեկուզ Անատոլիայի խորքերում միայն։ Ռուսաստանը` նույնպես պարտված պատերազմի դաշտում ու ներքուստ բռնկված քաղաքացիական արյունահեղ կռիվներով` լքել էր Անդրկովկասը, հապճեպ հեռացել ու դռները լայն բաց թողել ետևից։ Թիֆլիսում նստել էր տիրորեն անգլիական զորավարը ու իր հրամանի տակ էր պահում ամբողջ երկիրը։ Մյուս կողմից՝ ոչ միայն հայերը, այլև Անդրկովկասի մյուս ժողովուրդները` պետություն կամ պետություններ կազմելու ծանր տագնապի մեջ` աղերսում էին օգնություն և պատրաստ էին ընկնելու ամեն ցանկացողի գիրկը։
Գայթակղեցուցիչ էին հանգամանքները, այո,- այնքան գայթակղեցուցիչ, որ ավելին դժվար է պատկերացնել և որ հազիվ թե կրկնվի մի անգամ ևս։ Բայց և այնպես, ոչ ոք չգայթակղվեց, ոչ ոք չհրապուրվեց, չուզեց մեկնել ձեռը ու տիրանալ մի բանի, որը ինքը տեր էր որոնում։
Ինչու։
Որովհետև-վերջին հաշվին-արևմտյան մեծ պետությունները շահեր չունեին Անդրկովկասում, կամ` եթե ունեին` շահերը այնքան ծանրակշիռ չէին, որ արժենային ապագա գլխացավանքները (անխուսափելի ընդհարում Ռուսաստանի հետ, որ գալու էր վաղ թե ուշ)։
Այդպես էր դրությունը հինգ վեց տարի առաջ»։ (Հատվածը վերցված է Հովհաննես Քաջազնունու «Ռուսաստան թե Թուրքիա. Բաց նամակ Z-ին» գրքից։ Պուքրեշ, 1924 թվական, էջ 14-15):
Հատկանշական է, որ Առաջին Հանրապետության անկումից հետո տպագրված գրքում Քաջազնունին քննում ու ներկայացնում է նաև մեր պետության վարած քաղաքականության սխալները։ Նույն Քաջազնունին Առաջին Հանրապետության տարիներին մեծ հույսեր էր կապում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որի մասին խոսել ենք նախորդ համարում, սակայն Քաջազնունին վերևում նկատում է, որ այդ հույսերը ևս չարդարացան։ Դե, իսկ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո անգլիացիների հետ կապված ոգևորություններն ու անգլիացիների վարած հակահայկական քաղաքականության պտուղները երևացին Արցախի ու Զանգեզուրի հարցերի ժամանակ։ Մասնավորապես, Արցախում նրանք բացահայտ լռության մատնեցին, թե ինչպես էին թուրք-թաթարական հրոսակները կոտորում Շուշիի հայ բնակչությանը։
Պատմական այս փաստերն ու տեղեկությունները հերթական անգամ կարդալով պետք է ընդգծել, որ բոլոր ժամանակներում մենք թռիչքային հաջողություն ունեցել ենք միայն այն դեպքում, երբ ապավինել ենք բացառապես մեր ուժերին։ Միայն այդ դեպքում է ժողովուրդը դառնում ազգ և արարում, պահպանում իր իսկ պետությունը։ Ցավալիորեն պետք է նշել, որ այժմ մենք ևս սպասում ենք, թե ով է ձեռք մեկնելու մեզ` գիտակցելով, որ մեկնած ձեռքն առաջին հերթին ցանկանում է առաջ տանել իր իսկ շահը։
Զ. Շուշեցի