«Լուկաշենկոյի ասածները դեռ մեղմ են, բա Ալիևն ի՞նչ է խոսում, հենց Փաշինյանին ինչպիսի քամահրանքով է վերաբերվում». Արմեն Ռուստամյան
«Ամենապարզն այն է, որ նման հայտարարություններով հանդես չգա առնվազն քո գործընկեր պետությունը, սա նոնսենս է և միջազգային պրակտիկայում երևի սկանդալային դրվագներից մեկը կարող է համարվել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահի հայտարարությանը։
Ըստ Արմեն Ռուստամյանի, պատճառները պետք է Հայաստանն իր մեջ փնտրի, քանի որ Հայաստանն է թույլ տվել, որ նման քամահրանքով հետը խոսեն, և խոսքը միայն Բելառուսի նախագահի մասին չէ։
«Մեր հարևան երկրի նախագահն օրնիբուն, երբ առիթ է ունենում, ոչ միայն այդ ոճով է խոսում, այլ ուղղակի նվաստացնում է, վիրավորում ու արհամարհում է պետությունը և ղեկավարին, բնականաբար, մենք այս նվաստացած վիճակի արդյունքներն ենք տեսնում։ Մենք բացահայտ հայտարարում էինք, որ Հայաստանն իսկապես կորցրել է իր սուբյեկտայնությունը, այլևս այն հեղինակությունը չունի աշխարհով մեկ, որպեսզի կարողանա պաշտպանել ինքն իրեն և ստիպի, որպեսզի իր հետ հաշվի նստեն, սա մենք ուղղակի տեսնում ենք, որ իրականություն է։ Նման հայտարարությունները սրա հետևանքն են։ Լուկաշենկոն այն օդիոզ անձնավորություններից է, որ շատ հաճախ ինչ մտածում՝ այն ասում է։ Հաշվի չի նստում նրա հետ, թե այդ բառապաշարը կարելի՞ էր կիրառել, թե՞ ոչ»,- հավելեց Ա. Ռուստամյանը։
Շարունակելով՝ պատգամավորը նկատեց՝ այս ամենը խոսում է ներքին լուրջ խնդիրների մասին, խոսում է այն մասին, թե կուլիսների հետևում ինչ է տեղի ունենում։
Ավելին՝ եթե ՀՀ ղեկավարն օրինբուն վիրավորում է դիվանագիտական կորպուսին, բացահայտ խոսելով այն մասին, որ այնտեղ պետք է յուրայինների նշանակի, որ կարողանա իր համար բարեհաճ հայտարարություններ լսի, ինչը նշանակում է քանդել դիվանագիտական մի մեծ պլացդարմ, որը Հայաստանն ուներ։
«Եթե մեր դիվանագիտական կորպուսի հետ երկրի ղեկավարն այդպես է վարվում, բնականաբար, դա աշխարհը տեսնում է։ Այդ դաշտում նշանակում է մարդկանց, որոնք ուղղակի որևէ ճանապարհ չեն անցել։ Սա անլուրջ մոտեցում է, ինչը հանգեցնում է նրան, որ կորցնում են հեղինակությունը»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը։
Նրա բնորոշմամբ՝ Հայաստանն այսօր գործոնից վերածվել է գործիքի, և բանակցություններում մարդիկ խոսում են Հայաստանի մասին՝ հաշվի չառնելով Հայաստանի կարծիքը, սա ակնհայտ փաստ է։ Այս իրավիճակն առիթ է, որպեսզի հայ հանրությունը խորը վերլուծություն անի և հասկանա, որ այսպես շարունակել չի կարող։
«Յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը, Լուկաշենկոն իր հայտարարությունները պայմանավորում է՝ տվյալ պարագայում ու պայմաններում իր ունեցած շահերը նկատի ունենալով։ Նա այսօր Հայաստանի հետ չի տեսնում ռազմավարական շահերի անհրաժեշտություն։ Հետևաբար՝ այստեղ հիմնական հարցը պետք է մեր մեջ փնտրենք, թե ինչու ենք առիթ տալիս, որ նման հայտարարություններով հանդես գան մեր հասցեին։ Սրա հետ կապված՝ իշխանությունների կողմից արձագանք, չկա, իսկ ընդդիմության դատապարտելով՝ հարց չի լուծվի։ Լուկաշենկոյի ասածները դեռ մեղմ են, բա Ալիևն ի՞նչ է խոսում, հենց Փաշինյանին ինչպիսի քամահրանքով է վերաբերվում»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում