Լուկաշենկոն կանխատեսել է ԱՊՀ երկրների մեծ մասի միավորումը՝ նշելով նաև Հայաստանը
Հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասի միավորումը հավաքական անվտանգության և տնտեսական ինտեգրման վրա շեշտադրմամբ սերտ դաշինքի շրջանակում անխուսափելի է առաջիկա 15 տարում, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Solovyov Live յութուբյան ալիքին տված հարցազրույցում։
Ինչպես գրում է Regnum գործակալությունը, Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսի ապագա սերտ միավորումը Ռուսաստանի հետ պետք է անպայման լինի «ինքնիշխան», բայց «ոչ անկախ» պետությունների միություն։ Այսինքն՝ օրհներգի, դրոշի ու ղեկավարության պահպանմամբ, բայց հնարավոր է՝ ընդհանուր արժույթով։ Միաժամանակ նա խոստովանել է, որ Բելառուսը չի կարող անկախ լինել Ռուսաստանից, քանի որ կախված է նրա էներգետիկ ռեսուրսներից և շուկայից։
Նա հավելել է, որ Բելառուսն արդեն գտնվում է այս ընդհանուր «անվտանգության տարածքում», իսկ Ղազախստանը «լավ դաս» է ստացել։ Ըստ Լուկաշենկոյի՝ Ուկրաինան 15 տարվա ընթացքում ևս կարող է հայտնվել այնտեղ, եթե սխալներ թույլ չտրվեն:
Բելառուսի նախագահը ենթադրել է, որ դրանից հետո ԱՊՀ մյուս պետությունները կմիանան միավորման գործընթացին: Նա նշել է նաև Հայաստանը՝ շեշտելով, որ «երկիրը տարբերակ չունի»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ըստ Լուկաշենկոյի, դա արդեն առանձին զրույց է, քանի որ այստեղ մեծ դերակատարում ունի Թուրքիան, որը շատ է օգնում Բաքվին:
«Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, իրենց տնտեսական անհրաժեշտությունից ելնելով, նույնպես կմիանան»,- հավելել է Լուկաշենկոն։