«Ինձ ասացին՝ եթե հրաժարական չտաս, ապա… տեսնում եք՝ այսօր մեղադրյալ եմ». Ռուբեն Վարդազարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն է, ում լիազորությունները 2021թ. ապրիլից ժամանակավորապես կասեցվել են:
- Այն պահից, երբ հրապարակային հայտարարեցի, որ Հայաստանում դատարանները պետք է զերծ մնան քաղաքականացված որոշումներ կայացնելուց, այդ պահից հասկացա, որ ես ցանկալի անձ չեմ իշխանությունների համար:
- Ես ասել եմ, քանի դեռ ես եմ ԲԴԽ նախագահը, դատավորներին հեռու եմ պահելու քաղաքական ուժերի՝ թե իշխանական, թե ընդդիմադիր, ազդեցությունից: Վստահ եմ, որ վերականգնվելու եմ ԲԴԽ նախագահի պաշտոնում. որ պահից մտա աշխատասենյակ՝ այդ սկզբունքը գործելու է:
- Չեմ հավատում այսօրվա դատախազությանը, 2 իդենտիկ գործով տարբեր որոշումներ են կայացնում, կամ բացատրություն չկա, կամ էլ լավագույն դեպքում ասում են՝ մեզ էդպես է հարմար:
- Ինձ ասացին՝ եթե հրաժարական չտաս, ապա… հետևանքն ակնհայտ է, տեսնում եք՝ այսօր մեղադրյալ եմ:
- Գագիկ Ջհանգիրյանն օրենքին հակասող եղանակով է ընտրվել ԲԴԽ խորհրդի անդամ, 65 տարեկան անձը չէր կարող ընտրվել:
- Ջհանգիրյանին խորհուրդ կտայի հրաժարական տալ: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի ընտրությունը հակասահմանադրական է, ապա համակարգում և, մասնավորապես, ԲԴԽ-ում քաոս կստեղծվի:
- Խորհրդային Միությունում դատարանը եղել է գործադիր իշխանության մաս, անկախացումից հետո՝ փոքր քայլերով, երբեմն՝ մեծ լոնքերով փոփոխվել ու առաջ է գնացել համակարգը: Մենք հասել էինք մի մակարդակի, որ կարելի էր ասել, որ ունենք ազատ, անկախ դատարան: Մեծ քայլերից մեկը պատահականության սկզբունքով դատական գործերի մակագրման ավտոմատացված համակարգն էր: Այսօր այդ համակարգը մեկ գրչի հարվածով չի գործում… 30 տարով հետ ենք գնացել, վերականգնելու համար ֆինանսական, մարդկային, տեխնիկական հսկայական ռեսուրսներ են պետք: Այնինչ հնարավոր էր առգրավել սերվերի միայն արխիվային մասը և թողնել մակագրող ծրագիրը:
- Մակագրման ավտոմատացված համակարգն այսօր վերականգնելու համար ընդամենը պետք է ցանկություն և 5 մլն դրամ, որով կարելի էր 3 օրվա ընթացքում գրել ծրագիր և պատահականության սկզբունքով կատարել գործերի մակագրումը:
- Դատավորներին այսօրվա սկզբունքով մակարգրումն արդար դատաքննության իրավունքի խախտում է, և կան արդեն գործեր, որոնցով հենց այդ իրավունքի խախտման հիմքով կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
- Եթե դատավորը կարգապահական խախտում կամ քրեական հանցանք չի կատարել, իր կայացրած ակտի համար պատասխանատվություն չպետք է կրի:
- Դատարանի անկախության հիմքերից է՝ դատավորը իր իրավական տեսակետի համար չպետք է պատասխանատվության ենթարկվի:
- Քննիչների պատճառով դատական իշխանության աշխատանքը խափանվել է, տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներից արձագանք չկա:
- Կողմ եմ վեթինգին, հայերեն ասած՝ զտմանը, բայց պետք է հստակ լինի՝ ումի՞ց, ի՞նչ սկզբունքով կամ ո՞ւմ ենք ուզում զտել:
- Դատարանները քննում են այն գործը, որն ուղարկում են դատախազությունից, քրեական արդարադատության մեջ քաղաքականություն ներկրողը դատախազությունն է, որովհետև դատախազությունը կարող է կանխել քաղաքական հետապնդումը:
- Վատ քննած քրեական գործը բերում-շպրտում են դատարան և ասում՝ ոնց ուզում ես՝ արա. մեղադրական վճիռ պետք է կայացնես, և սա, ցավոք սրտի, միշտ է եղել:
- Վեթինգ գոռացողները նախ պետք է իրենց գլխում վեթինգ անեն, հետո նոր՝ իրավական համակարգում:
- Հնարավոր չէ ունենալ որակյալ արդարադատություն՝ ոչ պատշաճ գիտելիք ունեցող դատավորների կայացրած վճիռներով: