ՍԴ կայքի «շռնդալից» շնորհանդեսն ու Դիլանյանի պսևդոլեգիտիմությունը

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Սահմանադրական դատարանի (ՍԴ) կազմավորման 26-րդ տարեդարձն էր, որում ներկայացվեց նաև ՍԴ նոր կայքը։

Մինչ Արման Դիլանյանը նշված շնորհանդեսին փորձում էր ինքն իրեն ու մնացյալին համոզել իր լեգիտիմությունը, Սահմանադրական դատարանում բարեփոխումների իրականացման հանգամանքը, որոշումներում ամրագրված նոր ստանդարտների սահմանման հանգամանքը,  իրականությունը շատ ավելի խղճուկ պատկեր էր հիշեցնում։

Միջոցառմանը ներկա չեն եղել Սահմանադրական դատարանի դատավորներից երեքը՝ Հրայր Թովմասյան, Արևիկ Պետրոսյան, Երվանդ Խունդկարյան, որոնք, ի դեպ, ինչպես նկատել ենք, նման միջոցառումներին մշտապես չեն մասնակցում: Ներկա չեն եղել նաև հրավիրվածներ՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, Վճռաբեկ դատարանի նախագահը,  նույնիսկ Եղիշե Կիրակոսյանը և մնացյալ դատարկ աթոռների տերերը։  Լրագրողների կողմից ևս տոտալ բոյկոտ էր հայտարարված։

Այս համատեքստում հատկանշական են նաև նախորդող իրադարձությունները։

ՄԻՊ վերջին զեկույցը՝ Սահմանադրական դատարանում  ձայների հավասար բաշխման արդյունքում որոշումների չկայացման մասով, ինչը թարգմանաբար նշանակում է շատ հավանականորեն դատավորների պայմանավորվածության արդյունքում ձայները հավասար բաշխելու միջոցով քաղաքական հարցերով որոշումներ կայացնելուց խուսափել (ինչը տեղի է ունենում հենց նման գործերով)։

Վերջերս իրականացված  IRI-ի հարցման արդյունքները, համաձայն որոնց՝  պետական մարմինների աշխատանքի գնահատման մեջ ամենացածր գնահատականը ստացել են Ազգային ժողովը, զավթված Սահմանադրական դատարանը և «ջհանգիրյանական» ԲԴԽ-ն (ի դեպ, շատ խորհրդանշական էր Արման Դիլանյանի և կոռումպացված իրավապահ և դատական համակարգի խորհրդանիշ, ԲԴԽ նախագահ Ջհանգիրյանի՝ միմյանց կողք նստելը՝ որպես դատական իշխանության լիակատար բռնազավթման հաջող արարի խորհրդանիշ)։ Սա՝ այն դեպքում, երբ ինֆորմացիոն տոտալ հարձակման, ապատեղեկատվության դեպքում դեռևս Հրայր Թովմասյանի օրոք  իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում էր Սահմանադրական դատարանը, որն ավելի  վստահելի էր, քան դատախազությունը-դատախազական համակարգը և մյուս դատարանները:

Դե, իսկ ՍԴ որոշումների որակի, դրանցում արտացոլված նոր ստանդարտների մասին խոսելն առհասարակ ավելորդ է, քանի որ նախևառաջ՝ դրանք քաղաքական առումով կարևորություն ներկայացնող գործերով  «պատահականորեն»  միշտ արտահայտում են իշխող ուժի տեսակետները, և երկրորդ՝  դրանք լավագույն դեպքում հիշեցնում են անբավարար գնահատված առաջին կուրսեցու կուրսային աշխատանք։

Դե ինչ, մնում է մխիթարվել այն հանգամանքով, որ շուրջ երկու տարի երկրի ամբողջ օրակարգը Հրայր Թովմասյանի շուրջ ձևավորելու, պատերազմող երկրում ՍԴ «բարեփոխման հարցում» այդքան մեծ ներուժ ներդնելու արդյունքում՝ վերջապես ունենք նախադեպը չունեցող ՍԴ կայք՝ դե, համենայն դեպս, այդպես են վստահեցրել Արման Դիլանյանին»։

Տեսանյութեր

Լրահոս