
Ջոնսոնը և Մակրոնը Ուկրաինայի շուրջ իրադրության դիվանագիտական լուծումն առաջնահերթություն են համարում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ առկա լարված իրադրությունը: Այս մասին ասվում է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
«Առաջնորդները տեղեկացրել են մեկը մյուսին միջազգային գործընկերների հետ տարվող բանակցությունների մասին՝ անդրադառնալով նաև այս շաբաթ վարչապետի՝ Կիև կատարած այցին: Նրանք համաձայնել են, որ առկա լարվածության պայմաններում դիվանագիտական լուծման որոնումը պետք է մնա որպես առաջնահերթություն»,- ասվում է հայտարարության մեջ:
Նրանք ընդգծել են, որ երկու երկրները շարունակելու են համագործակցությունը՝ մշակելու պատժամիջոցներ Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակման պարագայում:
Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ու Ջոնսոնը քննարկել են նաև երկկողմ կապերի ամրապնդմանը, ՆԱՏՕ-ի անդամների միասնականությունն ապահովելու անհրաժեշտությանն առնչվող հարցեր: