Եվրոպական երկրներում «Օմիկրոն» շտամի համար մեկուսացման համար սահմանվել է 5 օր, իսկ Հայաստանում՝ 7-10 օր, ինչը չունի ոչ մի հիմնավորում

Հասարակությանը նորից տարանջատում են.Առողջապահության նախարարությունն օրեր առաջ հայտարարեց COVID-ով պայմանավորված կարանտինի ժամկետները կրճատելու մասին՝ 14 օրվա փոխարեն 7 եւ 10 օր, ինչը փորձագետների գնահատմամբ չունի որեւէ հիմնավորում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պատվաստված քաղաքացիների համար կարանտինը սահմանվել է 7 օր, իսկ չպատվաստվածների համար 10 օր, մինչդեռ համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի փոխանցմամբ, որեւէ տարբերություն չկա մարդը պատվաստված լինելով է վարակվել, թե ոչ. եթե մարդը վարակված է, ուրեմն վարակված է.

«Ոչ մի տվյալ չկա, որ պատվաստված քաղաքացին կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում ավելի քիչ է վարակիչ լինելու, քան չպատվաստվածը: Սա հերթական խտրականությունն է պատվաստված-չպատվաստվածների մեջ, գուցե ճնշումներ առաջացնելու նպատակով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է համաճարակաբանը:

Նրա փոխանցմամբ՝ եվրոպական երկրներ կան, որտեղ «Օմիկրոն» շտամի համար մեկուսացման օրերը 5 օր են կազմում, իսկ թե Հայաստանում ինչու են 7 եւ 10 օր սահմանել, համաճարակաբանը անհասկանալի է համարում:

Մասնագետի խոսքերով՝ համաճարակի բնույթն այսպիսին է՝ ավելի ակտիվ շրջանառվող շտամն այդ պահին ճնշում է եւ դուրս է մղում այլ շտամերը:

Նա չի բացառում, որ բնակչության շրջանում COVID-ի «Դելտա» շտամն էլ է առկա, բայց հիմնականում «Օմիկրոն»-ն է շրջանառվում հիմա, իսկ մեկուսացման համար այդ օրերը պայմանական են նշված»,- նկատել է համաճարակաբանը:

Ըստ նրա՝ եթե մարդն ունի որեւէ գանգատ, սիմպտոմ, կլինիկա, նա պետք է ինքնամեկուսացվի, եւ դա վերաբերում է վարակիչ ցանկացած հիվանդության։ Օրինակ՝ եթե անձի մոտ հարբուխ է, ապա հիվանդը չպետք է գնա աշխատանքի, եւ հանրային կյանքում շփումները վերսկսի միայն կլինիկական դրսեւորումների ավարտից հետո միայն։

Հաճախ են դեպքերը, երբ կորոնավիրուսի ախտանշանները նկատվում են միայն 1-2 օր, արդյոք դրանից հետո եւս պարտադիր է պահպանել ինքնամեկուսացումը՝ հարցին ի պատասխան մասնագետը նկատեց, որ առաջին շտամերի ժամանակ արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ քովիդի կլինիկական դրսևորումներից 1, 2 օր հետո մարդը պրակտիկապես վարակիչ չի եղել, մեկ այլ հետազոտությամբ՝ հիվանդության 7-10-րդ օրերին մարդիկ վիրուս էին արտադրում, բայց պրակտիկապես չէին վարակում: «Այժմ «Օմիկրոն» շտամի համար այս հետազոտությունները կամ արված չեն, կամ ես չեմ հանդիպել, բայց 5 օրվա ժամկետը, որը սահմանված է տարբեր երկրներում, երեւի ողջամիտ ժամանակ է»,-ասում է Էդուարդ Հովհաննիսյանը:

Ի դեպ, թեեւ ԱՆ-ն հայտարարել է կարանտինի ժամկետները կրճատելու մասին, սակայն թեստավորման արդյունքների մասին SMS հաղորդագրություն ուղարկելիս դեռ պահպանում է կարանտինի հին ժամկետը՝ 14-օր:

«Անփույթ աշխատանքի հետեւանք է, ինձ չի թվում, որ մտածված բան է, ուղղակի նրանց աշխատելու ոճն է, այս ոճին մենք արդեն բոլորս սովոր ենք, կոպիտ ասած՝ որոշումը հանուն որոշման անելու համար է»,- արձանագրել է մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս