Միրզոյանն ու Չավուշօղլուն կհանդիպե՞ն Թուրքիայում. Հայ-թուրքական երկխոսության ամենածանր հարցերը դեռ առջևում են

Մինչ Հայաստանն ու Թուրքիան պատրաստվում են բանակցությունների երկրորդ փուլին, հունվարի 14-ին կայացած Ռուբինյան-Քըլըչ առաջին հանդիպումից երկու շաբաթ անց՝ վաղը «FlyOne Armenia» ավիաընկերությունը կիրականացնի Երևան-Ստամբուլ առաջին չվերթը: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքից:

Չվերթը նախատեսված է երեկոյան ժամը 18։00-ին:

Եվս մեկ չվերթ էլ նախատեսված է փետրվարի 4-ին: Ավիատոմսերի արժեքը սկսվում է 90 եվրոյից:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ից թուրքական «Pegasus Airlines» ընկերությունն էր Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ չարտերային թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստացել: Թուրքական Pegasus Airlines բյուջետային ավիաընկերությունը ևս առաջին թռիչքը կիրականացնի վաղը: Առաջիկայում կարծես նախատեսվում է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը, ինչպես նաև դեռևս պաշտոնապես հրապարակային չհաստատված է մնում Թուրքիայի հրավերն ուղղված ՀՀ ԱԳ նախարարին՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

Մի շարք փորձագիտական գնահատականների համաձայն, եթե Արարատ Միրզոյանն ընդունի հրավերը, իսկ դրա հավանականությունը շատ մեծ է, տեղի կունենա Միրզոյան-Չավուշօղլու առաջին հրապարակային շփումը, որը, նախատեսվում է՝ հավելյալ դրական ֆոն կապահովի հայ-թուրքական երկխոսության համար:

Թուրքիայի արտգործնախարարը հունվարի սկզբին իր հրապարակային ելույթներից մեկում պատմել էր, թե ինքն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի սկզբին զրուցելու առիթ են ունեցել Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։

Ի դեպ, այս ոչ պաշտոնական շփման մասին երկու երկրների արտաքին գերատեսչությունները ոչինչ չէին հաղորդել։ Այսինքն՝ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին տեղի էր ունեցել Միրզոյան-Չավուշօղլու առաջին ոչ հրապարակային շփումը, և չի բացառվում, որ Անթալիայում նախարարներն այս անգամ բարձրացնեն շփման նշաձողը:

Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին մեզ հետ զրույցում նշեց, որ հայ-թուրքական երկխոսությունը բավականին շուտ է կոնկրետ արդյունքներ տալիս, իրադարձությունները բավականին արագ են զարգանում և հաջորդում միմյանց, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ մինչ հատուկ ներկայացուցիչների ուղիղ երկխոսությունը ինչ-որ հարցեր ոչ պաշտոնական կերպով քննարկվել են և փոխըմբռնման հանգել: Նրա կարծիքով, վստահության ձեռքբերման միջոցառումները, կարծես, ամենաառաջինն են քննարկվել, հենց այդ պատճառով այս թեթև բնույթի, սակայն երկխոսությանը նպաստող դրական քայլերն առանց հավելյալ խոչընդոտների են իրականացվում:

«Դատելով սկզբնական հաղորդագրություններից երկխոսության բովանդակության վերաբերյալ, ամենածանրակշիռ հարցերը թողնվել են հետոյի, թեև կողմերը վստահաբար ունեն իրենց պատկերացումները և հստակ ակնկալիքները կողմերից: Սակայն, կարծում եմ, այս երկխոսության ամենաբարդ փուլը երկու կողմերի համար դեռ առջևում է, այս դեպքում ավելի բարդ, հասկանալի պատճառներով, Հայաստանի համար:

Դրականն այն է, որ գործընթացը սկսվել է դրական մթնոլորտում, բայց հետագան այնուամենայնիվ անկանխատեսելի ևս կարող է լինել: Անկանխատեսելի է մեզ համար, քանի որ երկխոսության բոլոր պարամետրերին ծանոթ չենք, որքան էլ  կողմերը խոսեն խաղաղության մասին: Վերջին հաշվով, չգիտենք՝ արդյո՞ք կողմերը ցանկանում են միմիայն դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այսինքն՝ հարաբերությունների հաստատում, թե՞ կարգավորում, որոնք այս դեպքում տարբեր բաներ են, քանի որ կարգավորման համար հարկավոր է լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ հասնելով պատմական խնդիրների հարցում տարաձայնությունների վերացման, իսկ դա բարդ խնդիր է:

Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում բարդ հարցեր կան, սակայն շտապողականությունը ցույց է տալիս, որ կողմերը գուցե որոշել են ընթանալ ամենակարճ ճանապարհով՝ որոշելով պարզապես դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ բաց թողնելով մի շարք ցավոտ հարցեր, որոնք կարող են խոչընդոտել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Ուշագրավն այն է, որ կարծես այս թեմայով հայտարարությունների պակաս չկա, բայց ամեն դեպքում գործընթացը լիովին հասկանալի չէ»,- ասաց վերլուծաբանը:

Նա ևս գտնում է, որ չնայած դեռ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, եթե ՀՀ ԱԳ նախարարն ընդունի Անկարայի հրավերը, ապա, բնականաբար, հայ-թուրքական նախարարական շփում Թուրքիայում տեղի կունենա: «Թե ինչ կերպ կներկայացվի, չեմ կարող ասել, սակայն գուցե հաղորդվի, որ նախարարները ոչ պաշտոնական շփում կամ հանդիպում են ունեցել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս