Օրենքը կյանքի կոչելու նպատակով անհրաժեշտ են բազմաթիվ այլ գործողություններ՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի կողմից. Լարիսա Ալավերդյան

Արցախի Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ շրջանառության մեջ է դրվել «Արցախի բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծ: Նախագծով արգելք է սահմանվելու արտասահմանյան այն կազմակերպությունների վրա, որոնք ցանկություն կհայտնեն առանց Արցախի կառավարության թույլտվության գործունեություն ծավալել Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում:

«Օրենքի նախագիծը երկու հիմնական ուղերձ է պարունակում, առաջինը՝ այն, որ մենք որևէ դեպքում չենք հրաժարվի Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներից և համարում ենք, որ, օրինակ` Հադրութի շրջանը հայկական է եղել ու միշտ լինելու է հայկական:

Երկրորդը` դիմում ենք բոլոր երկրների կառավարություններին և արտասահմանյան կազմակերպություններին, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են մասնակցություն ունենալ տարբեր տեսակի գործունեություն ծավալելու բռնազավթած տարածքներում, ապա զգուշացնում ենք, որ համապատասխան օրենքի դրույթների և տարբեր միջազգային նորմերի հիման վրա կբարձրացնենք, մեզ համար բարենպաստ պայմաններ ստեղծվելու դեպքում կդիմենք միջազգային ատյաններ և արբիտրաժներ»,- նշել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը ոչ միայն անհրաժեշտ, այլև նույնիսկ ուշացած է համարում նման օրինագծի մշակումը: Պատասխանելով 168.am-ի հարցին՝ արդյո՞ք այս օրենքի ընդունումից հետո կարող ենք ակնկալել իրավական խոչընդոտներ Ադրբեջանի համար, նա ասաց. «Օրենքի ընդունումը գուցե բավարար չլինի, որ խոչընդոտի Ադրբեջանի կողմից հակաօրինական գործողությունները, բայց որ այդպիսի օրենքը անգամ ուշացած է և պետք է ընդունվեր անմիջապես նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո, ակնհայտ է:

Ինչևիցե, ողջունելի է, որ այդպիսի նախաձեռնություն կա, քանի որ ոտնահարված են հայերի իրավունքները, որոնք պատմականորեն ապրում էին իրենց պատկանող տարածքներում, իսկ այդ հարցին չանդրադառնալը կլիներ աններելի: Այս առումով՝ սա առաջին քայլն է, իսկ այդ օրենքը կյանքի կոչելու նպատակով անհրաժեշտ են բազմաթիվ այլ գործողություններ՝ ինչպես Արցախի Հանրապետության կողմից, այնպես էլ, մեծ հաշվով, Հայաստանի կողմից»:

Իրավապաշտպանը, սակայն, իրատեսական չի համարում Հայաստանի գործող իշխանությունների կողմից նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը:

«Այստեղ կա հստակ մարտահրավեր Հայաստանի Հանրապետության հասարակությանը. հասարակությունը պետք է անհրաժեշտաբար ճնշում գործի իշխանություններ վրա, որպեսզի նման քայլերը ձեռնարկվեն:

Առանց հանրության կողմից ճնշումների՝ այս խայտառակ իրավիճակը կարող է շարունակվել և բերել շատ ավելի մեծ արհավիրքների»,- ասաց նա՝ հավելելով, որ նկատի ունի ժողովրդավարական և սահմանադրական բոլոր մեթոդների գործադրումը:

Տեսանյութեր

Լրահոս