Նիկոլի առաջ քաշած հայելային հետքաշման գաղափարը նույնիսկ Ադրբեջանը լուրջ չի ընդունում. Արտակ Զաքարյան

«Եթե մեր կառավարության անդամները հասկանային, թե ինչ է տարածքային ամբողջականությունը, ինչ է պետական սահմանը կամ սահմանամերձ բնակավայրը, քաղաքացու անվտանգության համար պատասխանատվությունը՝ նման հիմար հայտարարություններ ու գաղափարներ առաջ չէին քաշի»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով 168.amի այն հարցին, թե իշխանությունների առաջ քաշած հայելային հետքաշման գաղափարն ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։

Նրա բնորոշմամբ, հայելային հետքաշման գաղափարը լղոզված հայտարարություն է, որ ադրբեջանցիները կարող է ասեն՝ դե լավ, 1 կմ իրենք են հետ գնում, 1 կմ՝ մենք, մեջտեղում առաջանում է բուֆերային գոտի, իսկ հետո՞։

«Երբ այդ 1 կամ 5 կիլոմետրը հետ են գնում, իրենք արդեն մխրճված են մեր տարածքում, իրենք արդեն օկուպացրել են մեր տարածքները։ Սա եղել է ագրեսիայի միջոցով, այնպես չէ, որ ոչխարներն արածացնելով բերել են, հետո հետ չեն տարել ու սկսել են բնակավայր կառուցել, այդ ամենը եղել է ռազմական ագրեսիայի միջոցով։ Այսինքն՝ այդ ամենը մոռացել են, հիմա հայելային հետքաշում, դեմարկացիա ու դելիմիտացիա են անում։

Ախր սա այնքան բարդ գործընթաց է, որ նույնիսկ դրա սկզբունքներն իրենք չեն կարողանում գտնել, ասել է ու ձեռքն ընկել է կրակը։ Նույնիսկ սկզբունքները չեն գտնում, որպեսզի ասեն, թե ինչ է նշանակում հայելային հետքաշում, որտե՞ղ, ինչի՞ համար։ Հայելային հետքաշման արդյունքում կարող է այնպիսի ռազմավարական ռեսուրսներ կորցնենք, որ բնակչության որոշ հատված զրկվի ջրից, մյուս հատվածը՝ կենսական ու բնապահպանական ռեսուրսներից։ Առհասարակ հասկանո՞ւմ են, թե ինչ են խոսում, չեն հասկանում։ Դրա համար ինձ թվում է, որ նույնիսկ Ադրբեջանը լուրջ չի վերաբերվում սրանց որևէ առաջարկի»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս