«Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված՝ բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ

– Պարո՛ն նախագահ, ամփոփենք մեր զրույցն այսօրվա իրողություններով: Դուք փոքր-ինչ խոսեցիք այդ մասին` բանակցային գործընթացը կանգնած է, չկա, Արցախին վերաբերող հատվածը չկա երկու երկրների առաջնորդների միջև զրույցներում, չկա համանախագահության ձևաչափը, պատերազմից ի վեր համանախագահները չեն այցելել տարածաշրջան: Լավ, բայց Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ, չէ՞:

–  Միանշանակ:

– Հանգուցալուծված չէ Ղարաբաղյան հակամարտությունը:

–  Իմ խորին համոզմամբ՝ ոչ, հանգուցալուծված չէ: Եվ դա միայն իմ համոզմունքը չէ: Դա նաև համանախագահների հայտարարություններն են:

– Ես ուզում եմ Ձեզնից լսել ակնկալիք, տեսլական, պատկերացում այս ջախջախված, կոտրված, դիվանագիտական առումով դիմազուրկ իրավիճակում մենք ինչպե՞ս կարող ենք աշխարհին ազդարարել, հատկապես որ ազդակներ ստանում ենք, օրինակ՝ Ֆրանսիայից, որ Արցախի կարգավիճակի հարցը մեզ համար առաջնահերթություն է, օրակարգային պետք է լինի, որ դեմարկացիան չպետք է ենթադրի Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, և մեզ համար մի շարք կարմիր գծեր չպետք է հատվեն:

–  Ես մի քանի անգամ այդ հարցին պատասխանել եմ և ասել եմ հետևյալը, որ այս իշխանություններն ունակ չեն դա անելու: Ես ավելի մանրամասն ասելու առիթներ կգտնեմ, բայց կարծում եմ, որ մեր հասարակության այն հատվածը, որը համարում է, որ Արցախը հայկական է, այն մասը, ով համարում է, որ մենք ի վիճակի ենք ուղղել մեր մեջքը, ես կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց, որ համախմբվենք ու սրանից պահանջենք, որ դադարեցնեն այդ քաղաքական մուրացկանությունը: Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության, երբեք չի բերել: Իմ ասածն այն չէ, որ պետք չէ ձգտել խաղաղության, ընդհակառակը, իմ ասածների մեջ` և՛ սկզբում, և՛ հիմա, խնդրում եմ, որ որևէ մեկը ռևանշի տարր էլ չփնտրի: Իմ ասածը հետևյալն է, որ մենք չնայած ջախջախված ենք, չնայած կապիտուլացված ենք` մենք ունենք հնարավորություն բանակցային պրոցեսը վերականգնելու:

– Մենք ունե՞նք այդ հնարավորությունը:

–  Այո, մենք ունենք այդ հնարավորությունը, և պետք է պահանջենք, որպեսզի, նորից եմ կրկնում, սրանք գան այդ ճանապարհով:

– Եվ ինչն իրավունքով մերն է, պետք է լինի մերը:

–  Այո: Իսկ մերն ի՞նչն է` մերը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքն է: Այո, այդ իրավունքն անքակտելի է: Եվ շատ տևական ժամանակ միջազգային հանրությունը դա հաստատել է: Եթե մենք մեր գործողություններով հիմա պետք է դրդենք միջազգային հանրությանը, որ կարծիքը փոխի, դա արդեն միջազգային հանրության պրոբլեմը չէ, դա մեր պրոբլեմն է:

– Գործողություններով կամ անգործությամբ:

–  Այո: Նույնն է, բոլոր դեպքերում դրանք հանցագործություն են: Միգուցե քրեական օրենսգրքով չնախատեսված, բայց հանցագործություն են: Մենք ունենք այդ հնարավորությունը, մենք պետք է իրոք շատ կտրուկ պահանջներ ներկայացնենք և ոչ միայն խոսքով: Եթե այդ պահանջները մենք նորմալ ներկայացնենք, ես կարծում եմ որոշ ժամանակ հետո կարող ենք խոսել, որ ինչ-որ չափով բանակցային պրոցեսը վերականգնվում է:

Գիտեք, տևական ժամանակ` 2018 թվականից հետո, հատկապես կործանարար պատերազմից հետո, մեզ փորձում էին մեղադրել ռազմատենչության մեջ: Ոչ, մենք երբեք ռազմատենչ չենք եղել:

– Ներսո՞ւմ, թե՞ դրսում  նկատի ունեք:

–  Ես  նկատի ունեմ և՛ ներսում, և՛ դրսում:

– Ալիևը Ձեզ ռևանշիստ է անվանում:

–  Եվ դրսից: Եվ դուրսը դա միայն Ադրբեջանը չէ: Մենք երբեք ռևանշիստ չենք եղել: Բայց երբեք էլ մեր ունեցածն ուրիշին հանձնելու, տալու կողմնակիցը չենք եղել, որովհետև դա մեր անձնական խնդիրը չէ, դա մեր ժողովրդի խնդիրն է: Եվ դա կարող է շատ երկար ժամանակահատվածում մեր ժողովրդին բերել կա՛մ բարեկեցության ու լավ ապագայի, կա՛մ էլ ուղղակի կործանել, ոչնչացնել: Սա է ամբողջ խնդիրը:

Տեսանյութեր

Լրահոս