Բաժիններ՝

Շուշիի գորգերի հավաքածուն անգին է. ամեն ինչ պետք է անել, որ հավաքածուն պահպանվի՝ լինի Արցախում թե Հայաստանում. Գորգագետ

Արցախյան 44-օրյա պատերազմի թեժ օրերին Շուշիի գորգերի թանգարանից մեծ դժվարությամբ, գիշերով, պայթող արկերից փրկված մոտ 170 գորգ ժամանակավորապես պահպանվում էին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, սակայն պարզվում է՝ թանգարանի տնօրինությունն այլևս չի կարող դրանք պահել, և ասել են, որ թանգարանից հանեն գորգերը:

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկել է գորգերը տեղափոխել Հայաստանի պատմության թանգարան, Հայոց ազգագրության թանգարան, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, սակայն Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը չի ընդունել նախարարության առաջարկները:

Նրա խոսքով՝ Սարդարապատի թանգարանում առկա գորգերի 2-3 տոկոսն են կարողանում ցուցադրել: Ավելին, Սարդարապատի թանգարանը գորգերի համար ընդհանրապես նախատեսված չէ:

«Իրենց մոտ գորգերի ցեցի վարակ կա. ես չեմ կարող գորգերը տանել այնպիսի տեղ, որտեղ հիվանդություն կա: Նույն խնդիրը կա նաև Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում»,- մեզ հետ զրույցում նշել էր Վարդան Ասծատրյանը:

Գորգագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխունջ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ հավաքածուն հայոց գորգագործական մշակույթի բացահայտման, ուսումնասիրման և ընդհանրապես մեր պատմամշակութային ժառանգության համար անսահման նշանակություն ունի, և դա պետք է ամեն կերպ պաշտպանել:

«Դա անգին հավաքածու է: Գորգերը մաքուր են, մի հատ միջատ, ցեց այնտեղ չկա: Հավաքածուի պատմությունը չափազանց կարևոր է. 10 տարի շարունակ ցուցադրվել է, 20-25 տարվա ընթացքում հավաքվել է, ընդ որում՝ ոչ թե սովորական վաճառականների նման է արվել, այլ յուրաքանչյուր նմուշի հետ կապված բոլոր տեղեկությունները գրի են առնված: Իսկ եթե տեղեկություն չի եղել, նա պարզապես ձեռք չի բերել:

Վարդան Ասծատրյանը հավաքել, վերցրել է այն գորգերը, որոնց վերաբերյալ հստակ տեղեկություններ կան: Ինչ վերաբերում է առաջարկվող տեղերին, ապա Հայոց ազգագրության թանգարանում պահվող գորգերի կեսից ավելին իսկապես պահելու տեղ չկա: Նեղվածք է: Նույնը նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում է: Ու եթե ԿԳՄՍ նախարարությունից ասում են, որ գորգերը տանի նշված տեղ, նշանակում է, որ այն մարդը, ով նման բան է ասել, ուղղակի տեղյակ չէ, թե այդ թանգարաններում ինչպիսի իրավիճակ է:

Ինչ վերաբերում է Պատմության թանգարանին, ապա տեղի առումով չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ գործվածքի համար նախատեսված պահոցը մի փոքր սենյակ է, և գորգերի մի մասն այնտեղ տեղ չի գտել: Ցեցերն էլ ամեն տեղ կան, այնպես չէ, որ թանգարաններն առանց դրա են: Դրանց դեմ պայքարը միշտ գնում է, նոր բան չէ: Ցեցի հետ կապված խնդիրները սկսվել են 1990-ական թվականների սկզբից, երբ ջեռուցման հարց կար»,- նշեց Աշխունջ Պողոսյանը:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ ճանապարհ կա. Երևանում կարելի է գտնել շենք, հարմարեցնել և հավաքածուն պահել այնտեղ:

«Տեղյակ եմ, որ այս պահին Արցախի իշխանությունները հետաքրքրված են հավաքածուով, հասկանում են, որ այն պատմամշակութային արժեք է, և փորձում են ճանապարհներ գտնել, որպեսզի դա տեղափոխվի Ստեփանակերտ: Շուշիի գորգերի հավաքածուն կատարյալ վիճակում է: Արցախի համար այն խորհրդանշական է: Եթե հավաքածուն այնտեղ է՝ դա նշանակում է, որ արցախցին վստահ է լինելու, որ ամեն ինչ լավ է լինելու:

Փորձագիտական եզրակացություններն արդեն արված են, բայց դրանք պետք է մուտքագրել, փաթեթ ձևավորել, երբ սա ավարտվի՝ գորգերի տեղափոխման հարցը, կարծում եմ, կհեշտանա: Այդ հավաքածուն հայոց գորգագործական մշակույթի բացահայտման, ուսումնասիրման և ընդհանրապես մեր պատմամշակութային ժառանգության համար անսահման նշանակություն ունի, և դա պետք է ամեն կերպ պաշտպանել: Այստեղ որևէ խնայողություն անելը հանցագործության նման մի բան է լինելու. ամեն ինչ պետք է անել, որ հավաքածուն պահպանվի՝ լինի Արցախում թե Հայաստանում»,- հավելեց գորգագետը:

Քանի որ Արցախի կառավարությունը փորձաքննություն է անցկացնում, Աշխունջ Պողոսյանը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ Արցախի Երկրագիտական թանգարանի շենքում են տեղավորելու գորգերը: Մինչ այս՝ ժամանակավորապես պետք է մնա այլ տարածքում:

Նա հիշեցրեց գորգերի կարևորությունը հայոց մշակույթի համար՝ ընդգծելով, որ մեր մշակույթի այս ոլորտը թշնամին յուրացրել ու յուրացնում է, իսկ մենք պետք է կարողանանք դիմակայել:

Փորձաքննությունները իրականացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ -ի գորգի փորձագետները՝ Աշխունջ Պողոսյանն ու Մարիամ Ազատյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս