Բաժիններ՝

ԿԳՄՍ նախարարությունն ու  Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը համաձայնության չեն եկել

Ինչպես հայտնի է՝ 44-օրյա պատերազմի թեժ օրերին Շուշիի գորգերի թանգարանից մեծ դժվարությամբ, գիշերով, պայթող արկերից փրկված մոտ 170 գորգ ժամանակավորապես պահպանվում էին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, սակայն պարզվում է՝ թանգարանի տնօրինությունն այլևս չի կարող դրանք պահել, և ասել են, որ թանգարանից հանեն գորգերը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամլո խոսնակ Գեղամ Մելիքբեկյանից փորձեցինք պարզել, թե խնդրի լուծման հետ կապված ի՞նչ առաջարկություն ունի, վերջինը հայտնեց, որ հանդիպում և քննարկում ունեցել են Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանի հետ, արվել են առաջարկներ:

«ԿԳՄՍ նախարարությունն իր առաջարկները արել է: Հարցը քննարկվել է, նախարարությունն առաջարկել է գորգերը տեղափոխել Հայաստանի պատմության թանգարան, Հայոց ազգագրության թանգարան, Հովհաննես  Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, սակայն Վարդան Ասծատրյանը չի ընդունել նախարարության առաջարկները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Մելիքբեկյանը:

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին, ապա այն ԿԳՄՍՆ ենթակայության ներքո չէ:

Վարդան Ասծատրյանի խոսքով էլ, օրինակ, Սարդարապատի թանգարանում առկա գորգերի 2-3 տոկոսն են կարողանում ցուցադրել: Ավելին, Սարդարապատի թանգարանը գորգերի համար ընդհանրապես նախատեսված չէ:

«Իրենց մոտ գորգերի ցեցի վարակ կա. ես չեմ կարող գորգերը տանել այնպիսի տեղ, որտեղ հիվանդություն կա: Նույն խնդիրը կա նաև Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում»,- նշեց Վարդան Ասծատրյանը:

Մենք կապ էինք հաստատել նաև Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ո՞րն է նման որոշում կայացնելու պատճառը:

«Մեր պայմանագիրը կես տարով էր, որը վաղուց անցել է, և այդ դահլիճում դեռ պատերազմից առաջ պետք է լիներ Ճարտարապետության թանգարանի ուսումնական ցուցադրությունը: Խնդիրն այն չէ, որ ասել եմ՝ հանեն, խնդիրն այն է, որ դա ճարտարապետության հետ կապ չունի: Բոլորս կարծում էինք, որ դա լինելու է կես տարվա ցուցահանդես, իսկ հետո Վարդանը կստանա իր թանգարանի համար պատշաճ մի տեղ:

Մենք վստահ էինք, որ պետությունը՝ լինի Հայաստանի թե Արցախի կառավարությունը, տարբերություն չկա, կկարողանա ինչ-որ մի ձևով այդ թանգարանի համար ճիշտ տեղ գտնել: Ցավոք, պարզվեց՝ մեր կառավարությունները չկարողացան դա անել: Ուզում եմ ասել՝ Շուշիի գորգերի թանգարանն ընդունեցի ես, ընդունեց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, ուրիշ ոչ ոք, հասկանո՞ւմ եք: Ես երջանիկ կլինեի, եթե ունենայի այնքան տեղ ու հնարավորություն, որ այդ գորգերն ավելի երկար պահեի ինձ մոտ, սակայն, ցավոք, փակուղի է, որից պետք է փորձենք ելք գտնել»,- ասել էր նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս