«Հիմա դժվարանում եմ ասել, թե Սյունիքն ու Գեղարքունիքն ինչ վիճակում են հայտնվելու, եթե լինի հայելային հետքաշում». Մովսես Հակոբյան
Դեռևս հունվարի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԻՊ գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԱԳՆ կայքում տեղ գտած հայելային հետքաշման գաղափարը մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։
«Խաղաղությունը կարևորագույն ու բարձրագույն արժեք է, սակայն, երբ մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության երաշխիքներ չունեն, ավելի մեծ խնդիրների մեջ կարող են հայտնվել։
Այս առումով կարող եմ ասել, որ գլխավոր երաշխիքն ադրբեջանական զինված զինծառայողների հեռացումն է, որը մենք պետք է հիմնավորենք մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով։ Երեկ տեսա, որ ԱԳՆ կայքում նորից կար այդ հայելային հետքաշման գաղափարը, սա մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։ Մեր ԱԳՆ գործընկերներին մշտապես հարգանքով եմ վերաբերվել ու վերաբերվում եմ, հարգում եմ նրանց աշխատանքը, բայց ես կարծում եմ՝ սա քաղաքական մոտեցում է, սխալ կենսագործվող, որը հակադրվում է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին։ Այստեղ հարց է առաջանում, թե մենք ո՞ւր պետք է հետ քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի մեջով։ Մարդիկ չեն կարողանում իրենց հողերը մշակեն, օգտագործեն, գյուղատնտեսությամբ զբաղվեն, քանի որ ադրբեջանական զինված ծառայողները ֆիզիկապես ներկա են իրենց հողերում։ Մենք ունենք փաստաթղթեր, որ դրանք հանդիսանում են մեր քաղաքացիների սեփականությունը, հետևաբար՝ այս մոտեցումը չի ապահովում, հաշվի չի առնում մարդու իրավունքները»,- ասել էր Արման Թաթոյանը։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ հունվարի 27-ին ԱԺ-ում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ճիշտ հակառակ պնդումն արեց` նշելով, որ սահմանազատման աշխատանքներ սկսելու համար հայելային հետքաշումը լավագույն տարբերակն է։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն անդրադառնալով հայելային հետքաշման գաղափարին, նկատեց՝ սա բավականին դժվար հարց է, պետք է բանակցությունների արդյունքում որոշվի, թե գործընթացն ինչպես է լինելու։
«Ըստ իս, հայելային հետքաշումը մեզ համար անընդունելի է, որովհետև այդ դեպքում մեր գյուղերի բնակիչների անվտանգությունն ապահովելը բավականին բարդ ու վտանգավոր է լինելու։
Ես հիմա դժվարանում եմ ասել, թե Սյունիքն ու Գեղարքունիքն ինչ վիճակում են հայտնվելու, եթե լինի հայելային հետքաշում։ Պետք է նախ սահմանը ճշտվի, այնուհետև զորքը սահմանից հետ քաշվի։ Մինչև սահմանազատում չլինի, չեն կարող որոշել, թե հայելային հետքաշմամբ ամեն մեկն իր տարածքում որքան է հետ քաշվելու»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը։
Հիշեցնենք, որ հայելային հետքաշման գաղափարն առաջինն առաջ է քաշել Նիկոլ Փաշինյանը՝ 2021 թվականի մայիսի 27-ին՝ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Սա էլ այն բանից հետո, երբ մայիսի 12-ին թշնամու զինված ծառայողները ներխուժել ու հաստատվել էին ՀՀ սուվերեն տարածքում։