«ԱԳՆ կայքում տեղ գտած հայելային հետքաշման գաղափարը մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է. ո՞ւր պետք է հետ քաշվենք». Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ խաղաղությունը կարևորագույն ու բարձրագույն արժեք է, սակայն, երբ մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության երաշխիքներ չունեն, ավելի մեծ խնդիրների մեջ կարող են հայտնվել։

«Այս առումով կարող եմ ասել, որ գլխավոր երաշխիքն ադրբեջանական զինված զինծառայողների հեռացումն է, որը մենք պետք է հիմնավորենք մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով։ Երեկ տեսա, որ ԱԳՆ կայքում նորից կար այդ հայելային հետքաշման գաղափարը, սա մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։ Մեր ԱԳՆ գործընկերներին մշտապես հարգանքով եմ վերաբերվել ու վերաբերվում եմ, հարգում եմ նրանց աշխատանքը, բայց ես կարծում եմ՝ սա քաղաքական մոտեցում է, սխալ կենսագործվող, որը հակադրվում է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին։ Այստեղ հարց է առաջանում, թե մենք ո՞ւր պետք է հետ քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի մեջով։ Մարդիկ չեն կարողանում իրենց հողերը մշակեն, օգտագործեն, գյուղատնտեսությամբ զբաղվեն, քանի որ ադրբեջանական զինված ծառայողները ֆիզիկապես ներկա են իրենց հողերում։ Մենք ունենք փաստաթղթեր, որ դրանք հանդիսանում են մեր քաղաքացիների սեփականությունը, հետևաբար՝ այս մոտեցումը չի ապահովում, հաշվի չի առնում մարդու իրավունքները»,- ՄԻՊ գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արման Թաթոյանը։

Ըստ նրա, եթե զորքի հայելային հետքաշում է տեղի ունենում, այդ դեպքում ինչպե՞ս են թողնելու մարդկանց նման վիճակում, այն դեպքում, երբ ադրբեջանական կողմից առհասարակ քաղաքացիական բնակավայր չկա։

«Այսպես ասած, մենք թիկունք էլ չունենք, այդ ինչի՞ հաշվին պետք է հետ գնանք, այն էլ այն դեպքում, երբ դելիմիտացիա ու դեմարկացիա առհասարակ չի եղել։ Ամենայն վստահությամբ ասում եմ՝  մենք պետք է մարդու իրավունքները հիմք վերցնենք, հիմնավորենք դրանով։ Մշտապես խոսվում է քարտեզների մասին և խոսվում է տեղագրական, աշխարհագրական քարտեզների մասին։ Մարդու իրավունքների կոնցեպցիայով շարժվելով՝ մենք ունենք անտառների օգտագործման հարց մարդկանց կողմից, գեոդեզական քարտեզներ, որոնք վերաբերում են հողերի օգտագործմանը, կադաստրային քարտեզներ և շատ այլ հարցեր։ Ունենք նաև մարդկանց բնականոն կյանքի վերականգնման խնդիր, զորքերի հայելային հետքաշումը վերականգնելու է մարդկանց բնականոն կյա՞նքը, ինչպե՞ս է վերականգնելու»,- հավելեց Արման Թաթոյանը։

Նա ընդգծեց, որ միջազգային բոլոր հանդիպումները վկայում են, որ իր առաջարկը կստանա միջազգային լայն աջակցություն, քանի որ այն ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և մարդու իրավունքների ոլորտի կազմակերպությունների առաջարկած չափանիշների հիման վրա է։

«Մշտապես հարց է բարձրացվում, արդյո՞ք իրատեսական է, և քաղաքական տեսանկյունից կհեռանա՞ն, թե՞ ոչ։ Այո, այս առաջարկի դեպքում երբևէ չի ասվում, որ իրենց հեռանալու դեպքում ապառազմականացված անվտանգության գոտի ունենալու դեպքում դա դառնում է Հայաստան կամ Ադրբեջան, ոչ, մենք ասում ենք, որ դա լինելու է չեզոք գոտի։ Այդ տարածքն անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ շնչեն, որ կարողանան ապրեն։ Այս ճանապարհները փակելով՝ ադրբեջանական զինված ծառայողները մեկուսացման և հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջացնում բնակիչների համար։ Ի՞նչ եք կարծում՝ նրանք չգիտեի՞ն, որ նման վնասներ են պատճառելու»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

Տեսանյութեր

Լրահոս