Կառավարությունը «Նորքի այգիները» հերթական անգամ դրել է աճուրդի. կվաճառի՞ թուրքերին

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Նորքի այգիները կամ, ինչպես ընդունված է անվանել՝ Երևանի «թոքերը», հերթական անգամ հանել է աճուրդի, և քանի որ աճուրդի հանված տարածքը, արդեն մի քանի անգամ է՝ չի՛ վաճառվում, Կառավարությունը որոշել է այս անգամ գույքը գնահատել ոչ թե՝ արժեքի 100, այլ՝ 80 տոկոսի չափով։

Նշենք, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասն արդեն մեկ անգամ աճուրդի դրվել էր 2020 թվականի հունիսին՝ գնահատված արժեքի 100%-ի չափով, սակայն մրցույթը չէր կայացել:

Չկայացած էր համարվել նաև 2021 թվականին հայտարարված մրցույթը՝ հայտերի բացակայության պատճառով։

Հիմա, հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող գույքը գնահատված արժեքի 100%-ի չափով արդեն իսկ 2 անգամ ներկայացվել է օտարման և չի օտարվել՝ Կառավարությունը ներկայացրել է նոր որոշում՝ գույքը գնահատվել է շուկայական 1 420 275 000 ՀՀ դրամ արժեքի 85 %-ի չափով՝ 1 207 233 750ՀՀ դրամ։

Ուշագրավ է, սակայն, այն հանգամանքը, որ եթե Կառավարությունը 2020 թվականից չի կարողանում օտարել պետությանը պատկանող այս կարևոր գույքը, նշանակում է՝ այդ գույքի նկատմամբ չկա հետաքրքրություն, ինչպես որ, օրինակ, չկա Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի նկատմամբ, որն աճուրդի է դրվել 7 անգամ։

Հարց է առաջանում, իսկ եթե Հայաստանի ներսում այդ գույքի նկատմամբ չկա հետաքրքրություն, կարո՞ղ է այն հետաքրքրի օտարերկրյա ներդրողներին, ասենք՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ՝ հայ որևէ գործարարի անունով, բայց թուրք որևէ գործարարի ֆինանսական ներդրումներով հնարավոր լինի գույքը օտարել, թեև չի բացառվում՝ օրենսդրական այլ հնարավորություններ լինեն։

Հետաքրքիր է՝ ի՞նչ որոշում կկայացնի ՀՀ կառավարությունը, եթե Երևանի «թոքերը» գնելու ցանկություն հայտնի թուրք որևէ գործարար, արդյոք Կառավարությունը պատրաստ կլինի՞ այդ գույքն օտարել թուրքին՝ իրենց ձևակերպմամբ՝ որպես հայ-թուրքական հաշտեցման առհավատչյա։

Ընդգծենք, որ այդ այգիներում առկա շենք-շինություններում ժամանակավորապես բնակություն են հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով օկուպացված տարածքներից տեղահանված Արցախի քաղաքացիները, ուստի հետաքրքիր է՝ ի՞նչ լուծում կգտնի ՀՀ կառավարությունը, եթե նշված գույքն օտարվի։ Հնարավո՞ր է, որ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը երկամսյա ժամկետում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին ներկայացնի առաջարկ՝ արցախցիների ժամանակավոր կացության հարցը լուծել նրանց այլ բնակության վայր տեղափոխելու միջոցով։

Լուսանկարը՝ Սիվիլնեթի

Տեսանյութեր

Լրահոս