Տեղական ԱԹՍ արտադրողները փաստի առաջ են կանգնել. պատճառը ԲՏԱ-ում գաղտնիք են համարում
2022 թվականի պետական բյուջեով Վահագն Խաչատուրյանի գլխավորած Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացվել է 21.3 միլիարդ դրամ գումար, որից 5.2 միլիարդը պետք է ուղղվի տեղական ռազմարդյունաբերական ընկերություններին՝ բանակի արդիականացմանն անհրաժեշտ արտադրանքի գիտական և գիտատեխնիկակական նպատակային հետազոտությունների իրականացման համար։
168.am–ի տեղեկություններով, սակայն, ԲՏԱ նախարարությունն առանց բացատրություն տալու և հիմնավորելու, հրաժարվել է ռազմարդյունաբերական որոշ ընկերությունների արտադրանքը գիտական և գիտատեխնիկակական նպատակային փորձարկման ենթարկել: Արդյունքում՝ տեղական անօդաչու թռչող սարքեր արտադրող որոշ ընկերություններ կանգնել են փաստի առաջ, քանի որ փորձարկման չենթարկված ԱԹՍ-ները Պաշտպանության նախարարությունը պարզապես չի կարող գնել ու բանակը արդիականացնել տեղական արտադրանքով, մինչդեռ նախարար Խաչատուրյանը խոստացել ու դրա մասին հրապարակավ հայտարարել էր։
Դեռևս 2021 թվականի սեպտեմբերին ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը մամուլին տված հարցազրույցում՝ մեր նկարագրած և այսօր առկա իրականության բոլորովին հակառակ պատկերն էր ներկայացրել՝ տեղեկացնելով, որ Հայաստանում ԱԹՍ-ների արտադրությամբ 10 ընկերություն է զբաղվում, կան նաև այնպիսիք, որոնք արդեն պատրաստի արտադրանք ունեն ու անգամ փորձարկումներ են անցել, և ԱԹՍ արտադրող բոլոր ընկերությունները գիտեն, որ երկիրը պատրաստ է իրենց ամբողջ արտադրանքը գնելու և կգնեն այնքան, որքան արտադրվում է։
Թե ինչո՞ւ չի գնվում այնքա՛ն ԱԹՍ, որքան արտադրվում է, կամ ո՞րն է նախարարի խոսքի և գործի տարբերության պատճառը, փորձեցինք մեր ստացած տեղեկությունները գրավոր հարցմամբ ճշտել ԲՏԱ նախարարությունից։
Արդյո՞ք ճիշտ է մեր տեղեկությունն առ այն, որ ԱԹՍ արտադրող ընկերությունների փորձնական արտադրանքի լաբորատոր փորձարկումներից ԲՏԱ նախարարությունը հրաժարվել է, այդ նպատակով հատկացված գումարը ուղարկել բյուջե, եթե հրաժարվել է, ապա քանի՞ ընկերության արտադրանքի փորձարկումից և ինչո՞ւ: Մեր այս հարցերին ԲՏԱ նախարարությունից շատ կարճ պատասխան են տվել՝ Ձեր տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։
Թե քանի՞ ընկերության փորձարարական ծրագիր չի ֆինանսավորվել, ԲՏԱ նախարարությունը հարցին ի պատասխան՝ հայտնել է, որ ծրագիրն իրականացվում է գաղտնի ընթացակարգով, և այդ ծրագրի հետ կապված որևէ տեղեկատվություն, բացառությամբ ֆինանսական ընդհանուր հատկացումների, բաց հրապարակման ենթակա չէ։
Ստացվում է, երբ նախարար Վահագն Խաչատուրյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարում է, որ ՀՀ-ում 10 ընկերություն ԱԹՍ է արտադրում, դա գաղտնիք չէ, բայց եթե նախարարությունից հայտնեն, թե քանի ընկերության արտադրանքի փորձարկումից են հրաժարվել, ա՛յ դա արդեն գաղտնիք է։
Ստացվում է՝ տեղական արտադրողը կանգնել է փաստի առաջ, ԲՏԱ նախարարությունը փաստի առաջ կանգնեցնելու պատճառը չի ասում և դա որակում է գաղտնիք։
Հաշվի առնելով պատերազմից հետո ռազմարդյունաբերության ոլորտի գերկարևորությունը Հայաստանի համար՝ ԲՏԱ նախարարությունից նաև հետաքրքրվել էինք՝ ո՞րն է 2020 թվականից երկու տարի անց էլ Ռազմարդյունաբերության կոմիտեում ղեկավար չնշանակելու պատճառը, և ինչպե՞ս է Վահագն Խաչատուրյանը պատկերացնում կոմիտեի գործունեությունը՝ առանց ղեկավարի։
Մի նոր հարց ծնող պատասխան էլ այստեղ այս հարցին ի պատասխան են հայտնել՝ ընդգծելով, որ հարցը ԲՏԱ նախարարության օրակարգում է, միևնույն ժամանակ, Ռազմարդյունաբերության կոմիտեն աշխատում է բնականոն հունով։
Այստեղ է, որ ծնվում է հաջորդ հարցը՝ իսկ եթե առանց տնօրենի Ռազմարդյունաբերության կոմիտեն իր բնականոն հունով աշխատում է, ինչո՞ւ է տնօրեն նշանակելու հարցը նախարարի օրակարգում։