«Իմ կալիբրի մարդը, 3 պատերազմներով անցած, էդ թվի զենքերը պետք է հավաքե՞ր»․ Աշոտ Մինասյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, կայացել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի հիմնավոր լինել կամ չլինելու հարցի քննությունը:

Պաշտպանը պահանջել է վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կամ կալանավորումը փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով։

Իր խոսքում Աշոտ Մինասյանն ասել է, որ երբ ընթերցել է իր գործը,  իր համար անակնկալ են եղել զենքերի տեսակները, նաև զենքերի տարեթվերը:

«Երբ ընթերցում ենք զենքերի տարեթվերը՝ 1898 թվականից սկսած զենքեր կան հայտնաբերված, որոնք եկել են Առաջին համաշխարհային պատերազմով, հետո հեղափոխությունով, հետո Երկրորդ համաշխարհային պատերազմով, հետո Չեչնիայի պատերազմով, Արցախի 1-ին, 2-րդ պատերազմներով: Լավ, ես էն թվերի՞ց եմ պատրաստվել տենց բան անել: Իմ կալիբրի մարդը, 3 պատերազմներով անցած, 20 տարի մաքսային ծառայության ղեկավար աշխատած, հրամանատար, տիրապետելով զենքի բոլոր տեսակներին, ուրեմն խելքս չէր կտրում, որ ունենայի «Սև նետ», Կոռնետ, Ֆագոտ, էդ թվի զենքերը պետք է հավաքեի՞: Իմ կալիբրի մարդը տանում զենքերը լցնում է մի տեղ ու հետո մտածում այդ անտեր վիճակի մասի՞ն: Ես չէի կարո՞ղ մի դեպուտատի, մի գեներալի, մի բիզնեսմենի  ասեի՝ զենքերը պահի: Անտեր վիճակում լցնում էի այնտե՞ղ»,- ասել է նա և շարունակել.

«Ես դատվելուց չեմ վախենում, ազնվորեն եմ ասում: 20 տարվա մեղադրանք եք դնում, դուք երաշխիք ունե՞ք, որ սրանից հետո ես դեռ 20 տարի ապրելու եմ: Ես այդ երաշխիքը չունեմ՝ իմ առողջական վիճակից ելնելով: Չեմ վախենում դատվելուց, ինձ միշտ հետաքրքիր է եղել իմ պետության ճակատագիրը: Մեկ տարի եղել եմ ազատության մեջ, 4 անգամ այցելել եմ Արցախ, ամեն այցելելուց զանգել եմ, ԱԱԾ համապատասխան քննիչներին տեղյակ եմ պահել, որ գնում եմ Արցախ: Եթե մի  տեղ ունեմ գնալու, էդ Արցախն է, ուրիշ տեղ չունեմ»:

Մանրամասները՝  168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս