Արմեն Սարգսյանը հեռացավ ոչ թե քաղաքացիության, այլ դիպլոմի պատճառով

Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականն իր անսպասելիությամբ՝ իրականում խիստ սպասելի էր Հայաստանում ընթացող ներքին գործընթացների ու իշխանության տրասնֆորմացիայի տրամաբանության շրջանակներում։ Սարգսյանի քաղաքացիության հետ կապված պատմությունը, իհարկե, կարևոր է, չափազանց կարևոր, բայց տվյալ դեպքում  խնդիրը նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ այլ հարթությունում է։

Արմեն Սարգսյանը հրաժարական էր ներկայացնելու նաև այն դեպքում, եթե ունենար միայն ու բացառապես ՀՀ քաղաքացիություն ու երբևէ այլ երկրի անձնագրի երես տեսած չլիներ։ Նա հրաժարական ներկայացրեց, որովհետև Հայաստանի իշխանական համակարգում մնացած միակ ոչ ուսապարկն էր, ինչը, իհարկե, ամենևին չի արդարացնում Արմեն Սարգսյանի անգործությունն ու ամորֆությունը նախագահի պաշտոնում։

Բայց անկախ իր գործունեության բոլոր թերություններից, իսկ ավելի հաճախ՝ ցուցաբերած անգործությունից, այդուհանդերձ Արմեն Սարգսյանը միակ օտար մարմինն էր փաշինյանական իշխանության մեջ, ու չնայած վերջինիս հետ ինտեգրվելու բոլոր փորձերին, այդպես էլ չդարձավ յուրային ուսապարկային միջավայրում, թեև անհրաժեշտության դեպքում չէր վարանում կատարել բոլոր այն քայլերը, որոնք բխում էին փաշինյանական իշխանության շահերից։ Արմեն Սարգսյանը դա անում էր՝ գոնե արտաքուստ փորձելով պահպանել սեփական դեմքը, ինչը, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի չէր․ նրան անհրաժեշտ է նախագահի պաշտոնում ունենալ մեկին, որը ոչ միայն գործնականում կծառայի իր իշխանությանը, ինչպես անում էր Արմեն Սարգսյանը, այլ կլինի ամբողջությամբ «ներդաշնակ» իր ու իր թիմի հետ, ինչպես խոստովանեց վերջին ասուլիսում։

«Ներդաշնակություն» ասելով՝ պետք է հասկանալ կատարյալ անդեմություն ու անգամ ձևական ինքնուրույնության բացակայություն։ Բայց իրականում խնդիրը ներդաշնակության բացակայությունն էր՝ ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական հարթությունում, որտեղ Արմեն Սարգսյանը գրեթե ամբողջությամբ ներդաշնակ էր, այլ անձնային տիրույթում, որում վերջինս, իհարկե, շահեկանորեն տարբերվում էր Նիկոլ Փաշինյանից՝ իր կրթությամբ, բարեկրթությամբ, ինտելեկտով, անձնային որակներով։

Նիկոլ Փաշինյանը, ահա, վրեժ լուծեց Արմեն Սարգսյանից իրենից ավելի կիրթ ու բարեկիթ լինելու համար, որովհետև նա սեփական իշխանությունը կառուցում է այն սկզբունքով, որ դրանում ներգրավված բոլորը պետք է իրենից ցածր լինեն ոչ միայն սուբորդինացիոն սանդղակում, այլ նաև մարդկային տեսակով, կրթությամբ, որակներով։

Այսինքն՝ իրականում Արմեն Սարգսյանը հեռացվեց նախագահի պաշտոնից՝ ոչ թե քաղաքացիություն չունենալու, այլ՝ դիպլոմ կամ դիպլոմներ ունենալու պատճառով։ Որովհետև Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը համալրում է ոչ թե կեղծ քաղաքացիություն, այլ կեղծ դիպլոմներ ունեցածներով՝ երևի այդպիսով հաղթահարելով դիպլոմ չունենալու սեփական բարդույթը։

Նախագահի պաշտոնում նրան պետք է մեկը, ով կլինի իրենից ավելի անկիրթ ու ավելի անբարեկիրթ, ունենա պակաս հեղինակություն ու  վայելի պակաս հարգանք, քան ինքը։ Դա, իհարկե, որքան էլ դժվարին, այդուհանդերձ իրագործելի խնդիր է Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ նրա իշխանությունը լցված է հենց այդպիսի դեմքերով։

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի հեռացման քաղաքական դրդապատճառներին, ապա դրանք ամբողջությամբ տեղավորվում են իշխանության կենտրոնացման, ավտորիտարացման փաշինյանական ծրագրերում։ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ վերահսկում է օրենսդիր ու գործադիր իշխանությունը, ամեն ինչ անում է դատական իշխանությունը ևս իրեն ենթարկեցնելու համար, արշավանք է սկսել տեղական ինքնակառավարման մարմինների՝ իրեն չենթարկվող ղեկավարների դեմ, և փորձում է վերացնել նաև իր իշխանությանը հակակշռող վերջին փշրանքները՝ ի դեմս մամուլի։ Ահա այս գործընթացում չկա որևէ տրամաբանություն, որ նախագահի պաշտոնը պետք է զբաղեցներ մեկը, ով գոնե անձնային չափանիշներով բարձր է միջին վիճակագրական վահագնալեքսանյանից։

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի քաղաքացիության պատմությանը, ապա դա արդեն իրավական, քրեաիրավական պատմություն է, որը երբևէ ունենալու է համապատասխան հետևանքներ։ Եվ ոչ միայն՝ Արմեն Սարգսյանի համար։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս