Երաշխիք չունենք, որ Թուրքիան նախապայմաններ չի դնի. Նիկոլ Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական առցանց ասուլիսն էր հրավիրել։ Ի թիվս այլ հարցերի՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև հայ-թուրքական բանակցությունների նոր փուլին։

Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հիշեցնելով թուրքական նախապայմանների հետևանքով չեղարկված Ցյուրիխյան համաձայնագրերը՝ հետաքրքրվել էր՝ որքա՞ն է հնարավորությունը, որ այս անգամ Թուրքիան չի վարվի նույն կերպ և բանակցությունների թափ առնելու պես՝ նոր նախապայմաններ չի առաջադրի Հայաստանին։

«Գիտեք, ըստ էության նաև  2009 թ․ արձանագրություններում, որոնք ստորագրվեցին, այնտեղ էլ նախապայման չկար, բայց հետագայում այլ կոնտեքստներով նախապայմաններ ի հայտ եկան, և մենք չենք կարող երաշխիքներ տալ, որ էդպիսի բան տեղի չի ունենա»,- ի պատասխան՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև արձանագրեց, որ պրոցեսը մեկնարկային կետից թափանցիկ է, ինչը, նրա հավաստմամբ՝ նախկինում չի եղել։

«Ընդ որում, ուզում եմ հիշեցնել՝ շատ ա հնչում՝ էս ոնց եղավ, էս ոնց պատահեց․ շատ պարզ պատահեց՝ Թուրքիայից հնչեցին հայտարարություններ, Հայաստանում․․․,- ասաց վարչապետը, ապա անդրադառնալով մոդերատորի դիտարկմանը, թե «ընդդիմությունն ասում է՝ թափանցիկ չէ․ խորհրդարանում հնչեց, որ շուտով Հայաստանի հետ պատրաստվում է հանդիպում, և հետո՝ Հայաստանում այդ մասին սկսվեց խոսվել», արձագանքեց,-  Դե գիտեք, դրանից առաջ ես հրապարակային  հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք, Թուրքիայի նախագահն է հայտարարել, որ մենք պատրաստ ենք։

Հետո ես ԱԺ ամբիոնից հայտարարել եմ, որ դրան նախորդում են մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներ․ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ՀՀ դիմել է ՌԴ-ին՝ այս հարցում աջակցություն ցուցաբերելու համար։

Նկատի ունեմ՝ այդ գործընթացն ամբողջը եղել է հանրության աչքի առաջ․ էդ բոլոր նրբությունները, դետալները դիվանագիտական պրոցեսի մեջ եթե ամբողջը միանգամից բացվի, դա պրոցես կտանի դեպի փակուղի և ձախողման։ Ամբողջը թափանցիկ է եղել, և մենք, էլի եմ ասում՝ ոչ թե  ինչ-որ գաղտնիք ունենք մեր հանրությունից․ մենք հանրությունից գաղտնիք չունենք։  Ըստ էության, ինչ որ մենք հայտարարել ենք, մեր քաղաքականությունը հրապարակային հայտարարությունների տիրույթում է լինելու, բայց նաև՝  աշխատանքային ինֆորմացիաները անընդհատ արտահոսքի ենթարկելը պրոցեսին ոչ մի բանով օգուտ չի տալիս»։

Մոդերատորի հաջորդ դիտարկմանը, թե՝  «ասացիք, որ երաշխիքներ չունենք, որ Թուրքիան․․․», վարչապետը պատասխանեց․ «Չէ, հենց էդ եմ ասում, որ բանակցությունները, երկխոսությունը նրա համար է, որպեսզի փորձենք նաև կառավարել այն ռիսկերը, որոնք կարող են նեգատիվ ազդեցություն ունենալ։

Հարց՝ մենք ուզո՞ւմ ենք արդյոք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների․ այո՛, և մենք այս քաղաքական դիրքորոշման մեջ անկեղծ ենք։ Եվ ուզում ե՞նք արդյոք Հայաստան-Թուրքիա սահմանի բացում՝ այո, և մենք այս դիրքորոշման մեջ անկեղծ ենք։ Եվ այն ժամանակ չստացվեց՝ իմիջիայլոց, դա միակ պատճառը չէր, որ չստացվեց, և մենք պետք է հաշվի առնենք նախորդ շրջանի փորձը։ Այնուամենայնիվ, կան պարամետրեր, որոնք այն ժամանակ այլ են եղել, հիմա՝ այլ են․  մասնավորապես, այն ժամանակ Թուրքիայի կողմից բանակցությունները վարում էր Թուրքիայի նախագահը, իսկ Հայաստանի կողմից՝ ՀՀ նախագահը, բայց այն ժամանակ Թուրքիան խորհրդարանական կառավարման երկիր էր։  Այսինքն՝ այնուամենայնիվ, ճիշտ է, Թուրքիայի նախագահը իշխող քաղաքական թիմի  ներկայացուցիչ էր, բայց այնուամենայնիվ, ինքը չէր ղեկավարը երկրի․ երկրի ղեկավարը վարչապետն էր։ Հիմա, ըստ էության, երկխոսությունը տեղի է ունենում Թուրքիայի նախագահի տված լիազորությամբ և մանդատով։ Այսինքն՝ սա պարամետրերից մեկն է, որը կարող է որոշակի ազդեցություն ունենալ պրոցեսի վրա, հույս ունենք՝ դա դրական ազդեցություն կունենա։

Այսինքն՝ ի սկզբանե պրոցեսը տանում է երկրի ղեկավարը, երկրների ղեկավարները»։

Տեսանյութեր

Լրահոս