«Սակագների անընդհատ բարձրացման շղթայի մեջ ենք գտնվելու». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բոլոր՝ նաև սպասվելիք թանկացումները և այսօր առկա գնաճը փոխկապակցված երևույթներ են և միմյանց հետ պատճառահետևանքային կապի մեջ են: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ անդրադառնալով նաև կոմունալ ծառայությունների սպասվելիք ու արդեն առկա թանկացումներին:
Նրա խոսքով, սակագների բարձրացումները տեղի են ունենում խիստ անբարենպաստ իրավիճակում, մինչդեռ ճիշտ քաղաքականության ու հաշվարկների դեպքում միգուցե հնարավոր կլիներ այլ իրավիճակ ունենալ: «Ծառայությունների սակագների բարձրացումները շղթայական էֆեկտով, որպես հետևանք, հանգեցնում են ապրանք-ծառայությունների գների աճին: Բայց նաև կա հակադարձ գործընթաց, երբ ապրանք-ծառայությունների գնաճն իր հերթին ազդում է սակագների աճի վրա: Մասնավորապես՝ հոսանքի գնի վերանայման հետ կապված ավելի վաղ ՀԾԿՀ-ին դիմում եղավ, և հիմնավորումներից էին ընդհանուր գնաճը, նաև գազի սակագնի նախորդ բարձրացումը: Հաշվի առնելով, որ նույն ջերմաէլեկտրակայանները, որոնք ապահովում են մեզ մատակարավող հոսանքի մոտ 40 տոկոսը, աշխատում են գազով, բնական էր, որ գազի թանկացումն առաջացնելու էր նաև հոսանքի գնի բարձրացում: Այս իմաստով գործ ունենք բավականին բացասական շղթայի հետ: Այն իրավիճակը, որում արդեն այսօր ենք հայտնվել, թույլ է տալիս ենթադրել, որ մենք գտնվելու ենք սակագների անընդհատ բարձրացման շղթայի մեջ»,-ասաց նա՝ շեշտելով, որ առաջին հետևանքը դոմինոյի էֆեկտով հետագայում սպասվելիք գնաճն է:
«Նման նախադեպ արդեն ունեցել ենք, և այս անգամ ևս սակագների վերոնշյալ բարձրացումները նախ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճին են հանգեցնելու: Սակագների բարձրացումը հանգեցնելու է ապրանք-ծառայությունների թանկացմանը՝ արդեն տնտեսության ոլորտում: Այսինքն, այս շղթան, որպես երկրորդային ազդեցություն, նաև բիզնեսի վրա է ազդելու՝ հաշվի առնելով հատկապես այն, որ ծառայություններից բիզնեսը շատ ավելի մեծ մասշտաբներով է օգտվում:
Բիզնեսի վրա հնարավոր մեկ այլ հետևանք կա՝ անորոշության այն միջավայրն է, որի առաջ բիզնեսը կանգնել է նաև սակագների անընդհատ փոփոխության պայմաններում: Այսինքն, բացի առկա անվտանգային խնդիրներից, ոչ կայուն տնտեսության փաստից բխող անորոշությունից, այսօր բիզնեսը բախվում է նաև սակագների անորոշության հետ, ինչը, կարծես, անընդհատ կրկնվող շղթա լինի: Սակագների բարձրացման էֆեկտը տնտեսության վրա շատ բացասական ազդեցություն է ունենալու, և քանի որ սա առաջին ալիքը չէ, անընդհատ կրկնվում է, պարզապես խորացնելու է այսօր առկա սոցիալ- տնտեսական խնդիրները»,-ասաց մեր զրուցակիցը:
Խոսելով բիզնեսի ու սակագների կապի մասին՝ նա շեշտեց. «Այստեղ անգամ կանխատեսելու կարիք չկա. մենք ունենք նախադեպ՝ կապված գազի սակագնի նախորդ բարձրացման հետ: Այդ ժամանակ ամեն ինչ արվեց՝ ցույց տալու, որ շարքային սպառողի համար սակագինը չի բարձրանում: Այսինքն, մշակվեց մեխանիզմ, որ շարքային սպառողի համար սակագինը չբարձրանա, փոխարենը սլաքներն ուղղվեցին դեպի ավելի լայն սպառող՝ բիզնես հատված:
Արդյունքում տուժեց բիզնեսը, բայց տուժեց նաև շարքային սպառողը: Ու դժվար է ասել, թե սպառողը որ պարագայում ավելի շատ տուժեց. մասնավորապես՝ ավելի կտուժեր, եթե սակագինը բարձրանար, բայց դեպի բիզնես իրավիճակն ավելի չվատթարացվե՞ր, թե ՞ տուժեց բիզնեսից արդեն հակադարձ եկող ազդակներով՝ գնաճի այն մակարդակով, որն այսօր ենք տեսնում:
Միևնույն ժամանակ, թեպետ բիզնեսի հետ կապված բացասական հետևանքների նախադեպն արդեն ունենք, բայց, դրա հետ մեկտեղ, այս ամենը չենք կարող իրականությունից կտրված դիտարկել: Եթե մենք խոսենք այլ հավասար պայմաններում, երբ, ենթադրենք, բիզնես միջավայրի հետ կապված այլ խնդիրներ չկան, ու միայն սակագների թանկացումն, է, որն էլ, ենթադրենք , օբյեկտիվ է, այդ պարագայում թե՛ հետևանքների, թե՛ երևույթի մասին այլ ելակետից կարող էինք խոսել:
Բայց երբ այս ամենը զուգորդում ենք իրականության հետ, այլ պատկեր ենք ստանում: Նույն բիզնեսն առնվազն նախորդ երկու տարին տարատեսակ շոկերի միջով է անցել ու շարունակում է անցնել, քանի որ չենք կարող ասել, որ տնտեսությունը վերականգնված է, միջավայրը՝ կայունացած: Անվտանգային միջավայրն այսօր ևս բավականին բարդ իրավիճակում է, ինչն անորոշություն է բիզնեսի համար: Բացի այդ, ՀՀ-ն իրականացնում է թանկ փողերի քաղաքականություն՝ ի դեմս վերաֆինանսավորման տոկոսադրույքի անընդհատ բարձրացման, ինչն ուղիղ հարված է տնտեսությանը: Հաշվի առնելով այս ամենն ու նաև սակագնային նոր բեռը՝ բիզնեսի խնդիրներն էլ ավելի են մեծանալու: ՓՄՁ-ները հատկապես կհայտնվեն բարդ վիճակում: Հաշվի առնելով ՓՄՁ-ների կարևորությունը՝ ի վերջո, մեր տնտեսության համար հերթական հարվածն է լինելու»:
Լիլիա Ամիրխանյանը շեշտեց նաև, որ այս իրավիճակը չենք կարող տարանջատել իրականացվող քաղաքականությունից: Մեր զրուցակիցը շեշտեց, որ այս ամենը կառավարման որակի հետ ուղիղ կապված խնդիրների մասին է վկայում. «Նույն գազի գնի հայտարարված բանակցությունները և սակագնի հետ կապված հանգուցալուծումն առնվազն իրավունք են տալիս մտածելու, որ այդ բանակցությունների մասով ձախողում ունենք»: