12 հետաքրքիր փաստ Ռենուարի մասին

Եթե Պիեռ-Օգյուստ Ռենուար անունը Ձեզ ոչինչ չի ասում, ապա Ձեր կյանքից բացակայում են իմպրեսիոնիստական ոճի ֆրանսիացի գեղանկարչի գույները: Ռենուարի գործերից են Դերասանուհի Ժաննա Սամարիի դիմանկարը (1877) և Վիկտոր Շոկեի դիմանկարը (1880), «Հովանոցներ» (1879), «Երկնագույն ժապավենով օրիորդ Գրիմպելը» (1880), «Հովհարով աղջիկը» (մոտ 1881) և այլ գործեր։ Նկարչին հրապուրել է քաղաքի աղմկոտ, կենսուրախ կյանքը. նա ջերմ ու վառ երանգներով պատկերել է պուրակներում զբոսնող փարիզեցիների, սիրահար զույգերի, սրճարանների այցելուների, լուսավոր և ժպտադեմ մանուկների («Մեծ բուլվարը», 1875, «Մուլեն դը լա Գալետ», 1876, «Ճաշից հետո», 1879, «Պար Բուժիվալում», 1882, «Զբոսանք», 1895, «Ծաղրածուն», 1909 և այլն)։

Ստորև ներկայացնում ենք մեծն Ռենուարի մասին հետաքրքիր փաստեր, որոնք կծանոթացնեն նկարչի կյանքին և հետաքրքրություն կառաջացնեն նրա ստեղծագործությունների հանդեպ:

1. Նկարիչն ունեցել է վեց եղբայր և քույր:

2. Մանուկ հասակում Ռենուարը գերազանց երգել է եկեղեցական երգչախմբում:

3. Ապագա գեղանկարչի առաջին աշխատանքը եղել է ճենապակյա անոթների գունազարդումը: Օրվա մեջ նա աշխատում էր, իսկ երեկոյան հաճախում էր գեղարվեստի դպրոց:

4. Նա այնքան արագ և արդյունավետ էր աշխատում, որ շուտով կարողացավ հավաքել բավարար գումար՝ ընտանիքի համար տուն գնելու համար: Ռենուարն այդ ժամանակ 13 տարեկան էր:

5. Ռենուարի վրձնին է պատկանում հանրահայտ կոմպոզիտոր Ռիխարդ Վագների դիմանկարը, ընդ որում, նա այն նկարել է ընդամենը 35 րոպեում:

6. Ամբողջ կյանքի ընթացքում Ռենուարը նկարել է ավելի քան 1400 նկար:

7. Ռենուարը ոչ միայն հանճարեղ նկարիչ էր, այլ նաև շատ տաղանդավոր քանդակագործ:

8. Իր մի քանի կտավներ Ռենուարը նվիրել է Անգլիայի թագուհի Վիկտորիային, և նա դա արել է անձամբ թագուհու խնդրանքով:

9. Պիեռ-Օգյուստ Ռենուարի կյանքում շրջադարձային պահը եղավ այն ժամանակ, երբ նա հեծանիվով զբոսնելիս ստացավ ձեռքի լուրջ կոտրվածք: Այդ վնասվածքի պատճառով նրա մոտ սկսեց զարգանալ ռևմատիզմ:

10. Տեղաշարժվելով հաշմանդամի սայլակով՝ նա շարունակում էր ստեղծագործել՝ կապելով վրձինը չաշխատող ձեռքին:

11. Ռենուարը փառքի գագաթին հասավ մահվանից մի քանի տարի առաջ՝ 79 տարեկան հասակում:

12. Մահվանից մի քանի ամիս առաջ արդեն լրիվ պարալիզացված նկարչին տանում են Լուվր, որպեսզի նա իր աչքերով տեսնի իր իսկ ստեղծագործությունը, որը ցուցադրված էր թանգարանի սրահներից մեկում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս