Նիկոլ Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանի դեմ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը։
Գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմանը, որը տեղի է ունեցել 2008 թվականի ընտրություններից հետո, երբ վերջինս աջակցում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նա անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը։ Վճռում նշված է, որ խախտվել է նաև Փաշինյանի խոսքի, հավաքների ազատության իրավունքը։
ՄԻԵԴ-ից մի վճիռ էլ ամիսներ առաջ՝ նախորդ տարվա սեպտեմբերին էր եկել, կրկին Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա, և առհասարակ վերջին ժամանակներում, իսկ ավելի ստույգ՝ սկսած 2018թ. իշխանափոխությունից, Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մեկը մյուսի հետևից վճիռներ են գալիս՝ դրանցից բխող ֆինանսական, ինչպես նաև իրավաքաղաքական հետևանքներով:
Ըստ ամենայնի՝ հաջորդ իշխանության օրոք, ի վերջո, պետությունը պետք է փորձի հասկանալ, թե այդ ինչպե՞ս է եղել, որ, օրինակ, 2018-2021թթ., միգուցե նաև դեռևս 1-2 տարի Հայաստանը շարունակաբար կպարտվի ՄԻԵԴ-ում, թերևս նաև կքննեն, թե ինչպե՞ս է պատահել, որ ՀՀ-ն հատկապես պարտվել է մեկ, նույն գործի շրջանակներում կամ դրանից որպես ածանցյալ բխող այլ քրեական գործերը ՄԻԵԴ հասցնելու արդյունքում:
Մարտի 1-ի գործով վերջին տարիներին իրենց օգտին վճիռներ են ստացել Սասուն Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Մուշեղ Սաղաթելյանը, և, իհարկե, Նիկոլ Փաշինյանը. այսօրվա վճիռը, փաստորեն, երկրորդն է վերջին ամիսների ընթացքում:
Հարց է առաջանում՝ ՄԻԵԴ-ն այս հայցերը բավարարել է, որովհետև դիմող կողմերն արդարացի ու հիմնավորված, իրավաբանորեն անթերի պահանջնե՞ր են ներկայացրել, թե՞ որովհետև պաշտպանվող կողմը նույն դիմող կողմն էր:
Եթե նայում ես վերը թվարկած անուններին, բոլորը Մարտի 1-ի գործով անցնող շահառուներ են, միմյանց ու Նիկոլ Փաշինյանի հետ փոխկապակցված անձինք, որոնց միավորում է ընդհանուր անցյալը, իսկ ավելի ճիշտ՝ 2008թ. Մարտի 1-ը:
Հնարավոր չէ չնկատել, որ այստեղ հստակ շահերի բախում կա դիմումատուների և այդ դիմումներից պետությունը պաշտպանողների միջև:
Ստացվել է այնպես, որ երկու դեպքում էլ գլխավոր խաղացողը Նիկոլ Փաշինյանն է, և մի՞թե որևէ մեկը կարծում է, որ իր ու իր հետ փոխկապակցված անձանց դիմումների հետևանքները ՄԻԵԴ-ում չեզոքացնելու համար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը որևէ քայլ պետք է ձեռնարկի, պաշտպանվի, հակադարձող պատասխաններ գրի ու Եվրոպական դատարանի համար հիմնավորի, որ պետությունը ճիշտ է եղել, թեպետ ՀՀ կառավարության պարտավորությունն է ՄԻԵԴ-ին ներկայացնել իր ապացույցները, ստանալ պետության համար շահեկան վճիռներ:
Պարզ է, որ Հայաստանի Հանրապետության դարպասը ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարությունը թողել է անպաշտպան, և Ստրասբուրգյան դատարանում հավուր պատշաճի չի ներկայացվել Հայաստանի Հանրապետության այն շահը, որն ընկած է եղել 2008թ. կայացված որոշումների հիմքում, այդ թվում՝ իրավական տեսանկյունից:
Ըստ էության, ինչպես Հայաստանի պետական սահմաններն են թողել անպաշտպան, այնպես էլ անպաշտպան են թողել երկրի իրավական սահմանները Ստրասբուրգում: Ավելին, մոռանալով իրենց բուն պարտականությունների մասին՝ որպես պետական այրեր, փոխանակ ներկայացնեն պետությունն ու պետական շահը, դարձել են իրենց իսկ կազմակերպած խաղի գլխավոր մասնակիցն ու շահառուն: Իրադարձությունների ընթացքն է բերել նրան, որ դիմումատուների ու պատասխանողների շահերը հատվում են այս գործերով, ու, փաստորեն, դիմումատուն, որ նաև պատասխանողն է, ամեն ինչ արել է, որ ՀՀ-ն պարտվի, կամ գոնե ոչինչ չի արել, որ չպարտվի:
Այնպես որ, այն խրախճանքը, որ այս իշխանությունները սարքել են ՄԻԵԴ-ից պարբերաբար, այդ թվում՝ նաև այսօր եկած վճիռների առնչությամբ, ընդամենը հանցավոր անգործության հետևանք է՝ պայմանավորված բացառապես սեփական շահով: