«Ո՛չ կնիք, ո՛չ բանալի չի՛ հանձնվել ու հիմա էլ հանձնված չի՛»․Վարդենիսի նախկին համայնքապետը ստե՞լ է, թե՞ բանալին ու կնիքը հանձնել է աշխատակազմի ղեկավարին

«Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին և կնիքը դեռ չի փոխանցվել նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ավագանու «Ահարոն Խաչատրյան» խմբակցության անդամ Սաթենիկ Մինասյանը։

Նրա փոխանցմամբ՝ բանալին և կնիքը նորընտիր համայնքապետին պետք է հանձնի աշխատակազմի ղեկավարը, բայց․

«Հունվարի 12-ին, երբ Ահարոն Խաչատրյանի փաստաբանը դիմել էր աշխատակազմի ղեկավար Կամո Զարոյանին, նա գրությամբ պատասխանել էր, որ՝ ինձ մոտ ո՛չ բանալի կա, ո՛չ կնիք կա, սակայն հունվարի 15-ին Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր՝ «կնիքն ու համայնքապետի աշխատասենյակի բանալիները գտնվում են համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի մոտ», թե ե՞րբ է տվել, ո՞նց է տվել, մենք տեղեկություն չունենք։ Աշխատակազմի ղեկավար Զարոյան Կամոյի պատասխան գրությունը, թե բանալին ու կնիքն իր մոտ չի, մեր փաստաբանները ոստիկանությունում հաղորդում են ներկայացրել, կնիքի և բանալիների անհետանալու նյութեր են նախապատրաստվում»։

Սաթենիկ Մինասյանը նաև հավելեց, որ հունվարի 13-ին, երբ փաստաբանները կնիքն ու բանալիներն անհետանալու առնչությամբ հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն, նույն օրը նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը համայնքի ղեկավարի ծառայողական մեքենան, որ մինչ այդ պահը շարունակում էր շահագործել, կայանել է համայնքապետարանի բակում․

«Ըստ մեր տեղեկությունների այս պահին ծառայողական մեքենայից չի օգտվում, իսկ համայնքապետարանի ներսում եթե ինչ-որ գործողություններ անում է, տեղեկություն չունենք․․․»։

Ավագանու անդամը նաև հավելեց, որ Վարդենիս խոշորացված համայնքում այս պահին աշխատանքը պարալիզացված է, քանի որ որոշակի գործառույթներ կան, որոնք առանց համայնքի ղեկավարի հաստատման՝ իրավասու չեն իրականացնել․

«Օրինակ՝ ֆինանսական գործունեության հետ կապված ոչ մի գործառույթ չեն կարող իրականացնել, իրենց պարտականությունները դրված են հաշվապահների վրա, որոշ պարտականություններ դրված են աշխատակազմի ղեկավարի վրա, շատ դեպքեր գիտենք, որ մարդիկ գործառույթներ են ուզում իրականացնել համայնքապետարանի հետ կապված, բայց այդ հնարավորությունից զրկված են»։

168.am-ը կապ հաստատեց Վարդենիս խոշորացված համայնքի աշխատակազմի ղեկավար Կամո Զարոյանի հետ, և հարցրեցինք՝ նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը բանալին ու կնիքը հանձնե՞լ է, եթե այո, ե՞րբ․

«Ես ասել եմ ու հիմա էլ եմ ասում՝ ինձ հանձնված չե՛ն, չե՛ն էլ եղել։ Ես իմ աշխատակազմի կնիքով եմ տեղեկանքները տալիս, ու վերջ։ Ինձ կոնկրետ չի՛ հանձնվել, անձամբ ինձ ո՛չ կնիք, ո՛չ բանալի չի՛ հանձնվել ու հիմա էլ հանձնված չի։ Ես այդ կնիքի և բանալու վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ։ Այս մասով իմ պատասխանը նաև մարզպետարանում կա»։

Վարդենիս խոշորացված համայնքի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ առանց համայնքի ղեկավարի և նրա կնիքի հնարավոր չէ ֆինանսական գործառույթներ իրականացնել, այդ թվում՝ համայնքապետարանի աշխատակիցներին, որոնք, ի դեպ, պարտաճանաչ գնում են աշխատանքի, հնարավոր չէ աշխատավարձ տրամադրել․

«Վաղը-մյուս օրը խնդիրներ կառաջանան, ֆինանսական գործարքներ կան, ծրագրեր կան, որոնք պետք է շարունակվեն, փոխանցումներ կան, աշխատավարձեր, մյուս հիմնարկների փոխանցումներ և այլն, որոնք ես իրավասու չեմ կատարել, չգիտեմ, թե հետո ինչպես կլինի ընթացքը, ոնց կլուծվի այս հարցը, բայց որպես պաշտոնատար անձ՝ ես իրավասու չեմ․․․»։

Հաշվի առնելով դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած ավագանու անդրանիկ նիստի ընթացքը, որի ժամանակ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները սպառանալից տոնով էին խոսում Կամո Զարոյանի հետ, ավելին՝ նիստի ընթացքում նրան հրավիրեցին իր իսկ աշխատասենյակ և մի քանի ՔՊ-ականներով գոռգոռում էին նրա վրա, թե ինչո՞ւ է ընդդիմադիր ավագանու անդամների անցկացրած նիստն արձանագրել, Կամո Զարոյանին հարցրեցինք՝ արդյոք այս պահին որևէ ճնշում, ուղղորդում, շանտաժ կա՞ իր նկատմամբ․

«Այդպիսի բան չկա, ես այդ մարդը չեմ, որ ինչ-որ մեկը կարողանա ուղղորդի, վախեցնի կամ շանտաժ անի, ես կատարում եմ իմ գործառույթը,- ասաց Վարդենիս խոշորացված համայնքի աշխատակազմի ղեկավարը, ապա հավելեց,- ես տեղեկանքները և ներքին փաստաթղթաշրջանառությունը կատարում եմ օրենքով ինձ հասանելիք կնիքով՝ աշխատակազմի կլոր կնիքով, մնացած ֆինանսական գործառույթները, ինչպես որ արդեն նշել եմ, իրավասու չեմ կատարել»։

Այստեղ հարց է ծագում, եթե Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը հայտարարել է, որ «Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու համայնքապետի աշխատասենյակի բանալիները գտնվում են համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի մոտ», իսկ աշխատակազմի ղեկավար Կամո Զարոյանը պնդում է, որ իրեն ոչ ոք բանալի և կնիք չի հանձնել, արդյո՞ք չի ստացվում, որ նախկին համայնքապետը ստում է։

168.am-ը պարզաբանում ստանալու համար փորձեց կապ հաստատել Արամ Մելքոնյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։

Ավելի վաղ 168.amհայտնել էր, որ Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Ահարոն Խաչատրյան» խմբակցության անդամներն ահազանգում էին, որ նախկին համայնքապետը հրաժարվել է փոխանցել համայնքապետարանի կնիքն ու աշխատասենյակի բանալին։

Հիշեցնենք, որ Վարդենիսի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն են, իսկ մյուս 2 խմբակցությունները միավորվել են և ունեն ընդհանուր թվով 14 մանդատ: Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում են, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով, և Ահարոն Խաչատրյանին չեն ընդունում՝ որպես համայնքապետ։ Ավելին, հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։

Տեսանյութեր

Լրահոս