«Վարդենիսի աշխատակազմի ղեկավարը հրաժարվել է բանալին և կնիքը հանձնել նորընտիր համայնքապետին»․ Սաթենիկ Մինասյան

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Ահարոն Խաչատրյանը չնայած այդ պաշտոնը ստանձնել է նախորդ տարեվերջին, իսկ տարեսկզբին էլ տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը, դեռ համայնքապետարան չի գնում։ Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ավագանու «Ահարոն Խաչատրյան» խմբակցության անդամ Սաթենիկ Մինասյանը։

«Ահարոն Խաչատրյանը համայնքապետարանի շենք չի գնացել, փորձ էլ չի արել մուտք գործելու, քանի որ հունվարի 11-ին՝ մեր 2 ավագանիների համատեղ ասուլիսից հետո, թշնամին կրակ բացեց մեր համայնքի բնակավայրերի ուղղությամբ։ Ահարոն Խաչատրյանը գնացել է այդ գյուղերը, հանդիպել է բնակիչներին, հետաքրքրվել է՝ արդյոք բնակիչների շրջանում տուժածներ եղե՞լ են, թե՞ ոչ, իսկ այդ ընթացքում Ահարոն Խաչատրյանի շահերի պաշտպան փաստաբանը դիմել է համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի նա պատրաստեր բանալին, կնիքը, որպեսզի Խաչատրյան Ահարոնը մուտք գործեր և ստանձներ իր պարտականությունները։ Սակայն աշխատակազմի ղեկավար Կամո Զարոյանը երեկ գրությունով պատասխանել է, որ Վարչական դատավարության օրենքի 83.1 հոդվածով Խաչատրյան Ահարոնի լիազորություններն իբր թե կասեցված են մինչև դատարանի վերջնական վճիռ կայացնելը, բայց այդ պատասխանը հակաօրինական է, որովհետև նույն 83-րդ հոդվածը վիճարկման հայցը վարույթ ընդունելու մասին է, որտեղ ասվում է՝ «Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ու այնտեղ նշում է բացառություններ։ Ըստ այդ բացառությունների 5-րդ կետի՝ հասցեատերն Ահարոն Խաչատրյանն է, իսկ այդ վիճարկվող վարչական ակտն ի նպաստ Ահարոն Խաչատրյանի է, հետևաբար՝ 83-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ մասով բացառվում է կասեցումը․․․»,- ասաց Սաթենիկ Մինասյանը։

Նա նաև հավելեց, որ Ահարոն Խաչատրյանը լավ հասկանալով, որ մյուս կողմը կարող է սադրանքների դիմել, որդեգրել է իրավական եղանակով պայքարելու տարբերակը․

«Չենք ցանկանում առանց այն էլ Վարդենիսի սահմանների լարված վիճակը տեղափոխել քաղաքի ներս»։

168.am-ը կապ հաստատեց նաև Վարդենիսի աշխատակազմի ղեկավար Կամո Զարոյանի հետ, սակայն նա մեր՝ հարցը հնչեցնելուց միայն մեկ րոպե հետո արձագանքեց․

«Ալո, ալո, ալո, ալո, չի լսվում, կապերից է երևի»։

Կասկածի տակ չդնելով վարկածը, որ գուցե ոչ լավ կապի պատճառով Կամո Զարոյանը չի լսել մեր հարցը, նորից զանգահարեցինք, սակայն նա մեր զանգերին պարզապես չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Վարդենիսի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն են, իսկ մյուս 2 խմբակցությունները միավորվել են և ունեն ընդհանուր թվով 14 մանդատ: Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում են, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով, և Ահարոն Խաչատրյանին չեն ընդունում որպես համայնքապետ։ Ավելին, հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։

 

Տեսանյութեր

Լրահոս