«Ռուբինյանի հիստերիան ինձ մոտ միայն մի միտք առաջացրեց». Մետաքսե Հակոբյան
Թուրքիան մշտապես հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում իր գործողությունները համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ: Ադրբեջանի նախագահ Ալիևն իր հերթին՝ հայտարարել է, թե Արցախի հարցը փակված է: Հայաստանի իշխանությունները նշում են, թե գնում են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման: Հետևաբար, հարց է առաջանում՝ ի վերջո, Ադրբեջա՞նն է փոխել մոտեցումը՝ Արցախի հարցի փակված լինելու վերաբերյալ, թե՞ Թուրքիան այդ հարցում չի համաձայնեցրել իր քայլերն Ադրբեջանի հետ և իսկապես առանց նախապայմանների կարգավորման է գնում:
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին նախ անհանգստացրել է Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը, թե հանդիպումն անցել է «կառուցողական» մթնոլորտում:
«Պարտված կողմի համար կառուցողական լինելը նշանակում է՝ զիջել: Միանշանակ, նորից զիջվելու է Արցախի հարցը, եթե այն ընդհանրապես դուրս չգա Հայաստանի օրակարգից: Ես առաջին օրից հենց այդպես եմ հասկացել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանի ասուլիսը տվեց Արցախի հարցի՝ օրակարգից դուրսմղման մեկնարկը.
«Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության համար արեց իր բոլոր հայտարարությունները, որովհետև հասկանալի էր բոլորիս համար, որ դրանք կեղծ հայտարարություններ են, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Դրանից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում շեշտադրումները փոխվեցին: Այս բոլորը մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին, և կարելի է ենթադրել, որ էլի համագործակցության արդյունքում կազմակերպված քաղաքական առևտուր է գնում: Սեղանին դրված է Արցախի հարցը, բայց սա իրականում ավելի գլոբալ է՝ Հայաստանի Հանրապետության հարցն է»:
Պատգամավորն ընդգծեց՝ Արցախի հարցը փակվել չի կարող.
«Երբ 30 տարի առաջ Արցախում բնակվող հայը հանրաքվեի միջոցով իր ինքնորոշումը հռչակեց, դա միջազգայնորեն ամրագրված իրավունք է, որը որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել: Ինքը ինքնորոշվեց և որոշեց լինել ազատ ու անկախ: Այսօր որևէ մեկը՝ ուզում է միջազգային կառույց լինի, քաղաքական ուժ թե ղեկավար, չի կարող դա չեղարկել: Այլ հարց է, որ այսօր Հայաստանի իշխանությունները Արցախում բնակվող հայի իրավունքները չեն պաշտպանում, որովհետև գնացել են քաղաքական առևտրի Ադրբեջանի, Թուրքիայի, նաև՝ Արևմուտքի հետ: Հայաստանի իշխանությունները և շատ միջազգային կառույցներ Թուրքիայի և Ադրբեջանի ճնշման տակ փակել են ընդհանրապես Արցախի հարցը, որովհետև դրա արդյունքում իրենք լուծելու են Հայաստանի հարցը, որը մենք շատ շուտ ենք տեսնելու: Մենք մի օր արթնանալու ենք ու տեսնենք, որ դրված է Հայաստանի հարցը»:
Հարցին՝ սա՞ է պատճառը, երբ այսօր ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանը բավականին բուռն արձագանքեց, երբ ընդդիմադիր պատգամավորները մանրամասներ էին պահանջում հանդիպումից, նա պատասխանեց.
«Այո: Մի քանի րոպե դիտեցի, մանավանդ Ռուբինյանի հիստերիան, և ինձ մոտ միայն մի միտք առաջացավ, որ տեսեք՝ ինքը հարձակվեց, չէ՞. նա ուղղակի պաշտպանվելու համար հարձակվեց: Իրենք այլևս չէին կարողանում կոնկրետ փաստարկներով պաշտպանվել, դրա համար հարձակվում են:
Ռուբինյանը ժամանակին Թուրքիայի հետ աշխատել է, ինչպես ժամանակին՝ մինչև պատերազմը մեր հանրությունը լուրջ չմոտեցավ, երբ կրթական չափորոշիչներում փոփոխություններ եղան:
Այդ չափորոշիչները կազմողներն էլ ժամանակին թուրքերի հետ, ֆինանսավորվելով Սորոսի հիմնադրամից, աշխատանք էին տարել, տարբեր կրթական ծրագրերի էին մասնակցել: Եվ վերջում, իրենց այդ մարդկանցով ստեղծեցին հանձնաժողով, գրեցին կրթական չափորոշիչները, մասնավորապես՝ պատմությունը, որտեղ Թուրքիայի և Հայաստանի համար նույն պատմությունը գրվեց: Եթե դա չչեղարկվի, ապա 2022թ. սեպտեմբերի 1-ից դպրոցներում պատմությունը պետք է դասավանդվի հենց այդ ծրագրերով: Իրենք պատահական ոչինչ չեն անում, ուղղակի հիստերիան սկսվեց այն ժամանակ, երբ իր անունը հնչեց ԱԺ-ում՝ ոչ այլ ինչ, քան թուրքական գործակալ: Իրականում, հենց այդպես էլ կա»: