«Փարաքարում մասսայական դժգոհություններ չկան, Դավիթ Մինասյանն անցել է իր պարտականությունների կատարմանը»․ ավագանու անդամ

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության անդամ Գոռ Սարիբեկյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցած և 10 մանդատ ստացած «Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությանը: Կուսակցությունը, որ հրաժարվել է մանդատներից, հայտարարել էր, թե ավագանու նիստը, որի ժամանակ նաև համայնքի ղեկավար է ընտրվել, տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտումներով: Գոռ Սարիբեկյանն էլ այս գնահատականին ի պատասխան՝ հակադարձեց՝ հունվարի 9-ին կայացած ավագանու նիստում առհասարակ օրենքի խախտում չի եղել։

Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը հունվարի 13-ին էր հայտարարությամբ հանդես եկել, որում մասնավորապես նշված էր․ «2021թ․ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու առաջին նիստը, և համայնքի ղեկավար է «ընտրվել» հունվարի 9-ի նիստին՝ 21-րդ օրը՝ օրենքի կոպիտ խախտումներով։ Այս փաստը հիմք է ՀՀ կառավարության կողմից օրենքի ուժով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար միավորված համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու համար»։

Գոռ Սարիբեկյանը պարզաբանեց, որ դեկտեմբերի 23-ին իրենք դատական հայց են ներկայացրել դատարան, որը վարույթ է ընդունվել, և 7-օրյա ժամկետում՝ դեկտեմբերի 30-ին, դատարանի կողմից վճիռ է կայացվել, այսինքն՝ այդ ժամկետը չի հաշվարկվում:

«Համայնքի ղեկավար է ընտրվել հունվարի 9-ին կայացած ավագանու նիստում, բայց մենք մինչև հունվարի 14-ը ժամանակ ունեինք, որ համայնքի ղեկավար ընտրեինք, քանի որ դեկտեմբերի 20-ին կայացած նիստը դատարանի կողմից համարվել է անվավեր։ Իրենք դիտարկում էին, որ ժամկետն ավարտված է համարվում, բայց հունվարի 7-ի նիստին ամբողջ խմբակցությունով ներկա են եղել և կողմ են քվեարկել նիստը հետաձգելուն։ Բացի այդ, հունվարի 9-ին իրենք ոչ թե բարձրաձայնում էին, որ նիստը հնարավոր չէ կայացնել, քանի որ ժամկետն անց է, այլ ասում էին՝ տարիքով ավագը պետք է նիստը վարի, բացի այդ էլ, իրենք սահմանված ժամկետում նիստը չեն բողոքարկել, նիստի որոշումը չի բողոքարկվել, դրա համար իրենք ունեին եռօրյա ժամկետ՝ համայնքապետի երդմնակալության օրը ներառյալ»,- ասաց ավագանու անդամը։

Հարցին՝ այս պահին համայնքում ի՞նչ իրավիճակ է, արդյոք այն լարվածությունը, բողոքի ակցիաները, որ ավագանու բոլոր նիստերի ժամանակ կային, շարունակվո՞ւմ են, թե՞ ինչպես շատերին էին ասում՝ դրանք ուղղորդված բնույթ էին կրում, Սարիբեկյանը պատասխանեց․

«Այս պահին մասսայական որևէ դժգոհություններ չկան, թե դրանք ուղղորդված էին, թե ոչ, կարծում եմ՝ դուք ձեր հարցին պատասխանեցիք․․․»։

Սարիբեկյանը նաև հավելեց, որ հունվարի 12-ից՝ համայնքապետի երդմնակալության արարողության ավարտից հետո, համայնքապետ Դավիթ Մինասյանն անցել է իր պարտականությունների կատարմանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Փարաքար խոշորացված համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և 10 ձայնով իրենց թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին ընտրել էին համայնքի ղեկավար: Թեև 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է 1 թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:

Դրան հաջորդել էր ավագանու մյուս 11 անդամների՝ «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անցկացրած համայնքապետի ընտրությունը, որի ժամանակ էլ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը։

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում էր կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։

Տեսանյութեր

Լրահոս