«Եթե հայելային հետքաշում լինի, մենք գալիս–նստում ենք անմիջապես Գորիսի գլխին, կամ եթե հստակ հեռավորություն նշենք, զորքը պետք է մտնի Գորիսի մեջ նստի, սրա մասին մտածե՞լ են». Գորիսի փոխհամայնքապետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրերս ՄԻՊ գրասենյակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զինված ուժերի ներկայությամբ պայմանավորված տեղի խաղաղ բնակիչների իրավունքների խախտումներին, ինչպես նաև նրանց սպառնացող վտանգներին։ Արման Թաթոյանի խոսքով՝ բնակչության անվտանգության գլխավոր երաշխիքն ադրբեջանական զինված ուժերի հեռացումն է, որը պետք է հիմնավորել մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով։
«Երեկ տեսա, որ ԱԳՆ կայքում նորից կար այդ հայելային հետքաշման գաղափարը, սա մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։ Մեր ԱԳՆ գործընկերներին մշտապես հարգանքով եմ վերաբերվել ու վերաբերվում եմ, հարգում եմ նրանց աշխատանքը, բայց ես կարծում եմ՝ սա քաղաքական մոտեցում է, սխալ կենսագործվող, որը հակադրվում է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին։ Այստեղ հարց է առաջանում, թե մենք ո՞ւր պետք է հետ քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի մեջով։ Մարդիկ չեն կարողանում իրենց հողերը մշակեն, օգտագործեն, գյուղատնտեսությամբ զբաղվեն, քանի որ ադրբեջանական զինված ծառայողները ֆիզիկապես ներկա են իրենց հողերում։ Մենք ունենք փաստաթղթեր, որ դրանք հանդիսանում են մեր քաղաքացիների սեփականությունը, հետևաբար՝ այս մոտեցումը չի ապահովում, հաշվի չի առնում մարդու իրավունքները»,- նշել էր Ա. Թաթոյանը։
168.am–ի հետ զրույցում Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանն էլ ասաց, որ սահմանից զորքի հայելային հետքաշման գաղափարն իր համար, նախ՝ անընդունելի է, և երկրորդ՝ անհասկանալի, քանի որ թշնամին ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, հետևաբար՝ նա պետք է հետ քաշվի։
«Առաջնահերթ մեր սուվերեն տարածքը պետք է ազատագրվի, թշնամին դուրս գա, այնուհետև արտգործնախարարությունը հայտարարի, թե հայելային հետքաշում պետք է լինի։ Արտգործնախարարության տրամաբանությամբ, եթե հայելային հետքաշում լինի, մենք գալիս նստում ենք անմիջապես Գորիսի գլխին, կամ եթե հստակ հեռավորություն նշենք, զորքը պետք է մտնի Գորիսի մեջ նստի, սրա մասին մտածե՞լ են։ Ներկա պահին թուրքը մտել է մեր սահման, բայց սրանք խոսում են հայելային հետքաշման մասին։ Թող սկզբում սահմանների մասին մտածեն, վերականգնվի տարածքային ամբողջականությունը, թշնամին իր զինված խմբերով դուրս գա մեր տարածքից, նոր խոսեն զորքի հայելային հետքաշման մասին»,- նշեց Կարեն Քոչարյանը։
Միաժամանանակ նա ընդգծեց՝ անհասկանալի է, թե ի՞նչ ասել է՝ հայելային հետքաշում, և հայելային հետքաշումն ի՞նչ տարածքով պետք է տեղի ունենա, մեջտեղում բուֆերային գոտի լինելո՞ւ է, թե՞ ոչ, և այն ինչքա՞ն տարածք պետք է ընդգրկի։
«Եթե, օրինակ, 12 կմ բուֆերային գոտի անցնի, ապա Սև լճի տարածքից մեր զինվորները պետք է իջնեն Վերիշեն գյուղ ու այդ գյուղում նստեն, սա ի՞նչ է նշանակում։ Թող թշնամուն մեր տարածքից հեռացնեն, ազատեն տարածքը, այս հարցերը չլուծած մարդիկ հայելային հետքաշման հարցեր են առաջ քաշում, սա ինձ համար անընդունելի է»,- եզրափակեց Կարեն Քոչարյանը։