Հույս ունեմ՝ Հայաստանի որևէ իշխանություն ժողովրդի ինքնությունը չի զիջի համաշխարհային քաղաքականությանը
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է:
Բանախոսը նշել է.
- Ամենաուժեղը գաղափարն է, իրական, ոչ ցնորքային, դրա դեմ ոչ մի տնտեսություն, զինված ուժ չի կարող պայքարել:
- Հայաստանի ապագան ազգային ինքնության վրա ստեղծված արտաքին քաղաքականությունն է:
- Մերձավոր Արևելքը՝ իր բոլոր խնդիրներով, գալիս է մեր տարածաշրջան, համոզված եմ, որ մեր ժողովուրդը տարբեր բարդ իրավիճակներից դուրս գալու ուժ կգտնի:
- 2022 թվականը գուցե ավելի ծանր լինի, քան 2021-ն էր, դա կախված է աշխարհում, մեր տարածաշրջանում զարգացումներից: Մեզ մեծ գաղափար է պետք, որը կհամախմբի Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և սփյուռքին:
- Թալեաթ կոմիտեի նախագահ, Թուրքիայի նախկին փոխխոսնակ Հասան Քորքմազջանը, Թուրքական Aydinlik-ի փոխանցմամբ՝ շեշտել է, որ Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի միայն Հայաստանի կողմից 4 նախապայմանների կատարման դեպքում՝
- Անմիջապես իրականացնել 2020-ի նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։
- Հայաստանը պետք է հարգի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և հայտնի դրա մասին։
- Հայաստանը պետք է հրաժարվի «ցեղասպանության պնդումներից», քանի որ հենց ՄԻԵԴ-ում Փերինչեք-Շվեյցարիա դատական գործընթացում շեշտեց, որ այն սուտ է։
- Պետք է վերջ դնի Թուրքիայի դեմ թշնամանքին և ապամոնտաժի Շիրակի մարզում տեղադրված և թուրք ազգին նվաստացնող արձանը (Սողոմոն Թեհլերյանի արձանը.- խմբ.):
Թալեաթ կոմիտեի կազմում ընդգրկված են նաև մի շարք նախկին նախարարներ, նրանք ներկայացնում են Թուրքիայի վերնախավը: Սա Թուրքիայի նախապայմանների նոր ձևակերպումն է՝ հին բովանդակությամբ, այն է՝ Հայաստանին պետք է ճնշել, Հայաստանից պետք է ստանալ զիջումներ, այսինքն՝ մենք գործ ունենք հստակ պահանջների հետ:
1918-ին Բաթումի պայմանագրով Հայաստանը պետք է դառնար Թուրքիայի վասալ, 1920 թվականին Աթաթուրքի հրամանով Հայաստանը պետք է վերացվեր:
- Թուրքիայի նպատակն է՝ քանի դեռ Հայաստանը պատերազմի պարտությունից հետո թուլացել է, էլ ավելի թուլացնել և կախման մեջ դնել:
- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ստորագրած որոշմամբ, որը հրապարակվել է Պաշտոնական տեղեկագրում, Սերդար Քըլըչը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ: Սա աննախադեպ երևույթ է, որը վկայում է, որ Թուրքիան գնում է ճնշում գործադրելու իր ծրագրով՝ օգտվելով մեր պարտության հետևանքներից:
- Բանակցությունների պետք է գնալ, բայց շատ կարևոր է, որ լինեն հստակ կարմիր գծեր:
- Թուրքիայի դրած նախապայմանները մեր ինքնության մասն են կազմում, եթե գնանք զիջումների, կհրաժարվենք մեր ինքնության կարևոր հատվածից:
- Հույս ունեմ, որ Հայաստանի որևէ իշխանություն այդ հարցերում զիջումների չի գնա և ժողովրդի ինքնությունը չի զիջի համաշխարհային քաղաքականությանը:
- Մեր հարստությունը հոգևոր արժեքներն են, որ ստեղծվել են հազարամյակների ընթացքում և համաշխարհային քաղաքակրթության մաս են կազմում:
- Հարավային Կովկասում աննախադեպ իրադրության պայմաններում ենք ապրում. Ռուսաստանը կորցրել է մենաշնորհային իրավունքը, Թուրքիան ստացել է փոքր, բայց օրինական հնարավորություն՝ ներկայանալու Հարավային Կովկասում, իսկ դա թույլ տվեցին ռուսները՝ Աղդամում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն ստեղծելով:
- Արևմուտքի ճնշմանը դիմադրելու Ռուսաստանի դիմակայությունը բավականին թուլացել է, մյուս կողմից՝ Թուրքիայի՝ հսկիչի դերը լուրջ չի ընկալում Արևմուտքը, կա որոշակի անվստահություն, որովհետև Թուրքիայի նախագահ Էրդողանն ինքնագլուխ է գործում, նրա գործողություններն էլ անկանխատեսելի են:
- Ռուսաստանը մարտավարական առումով մի քանի նպատակ ունի՝ համագործակցել Թուրքիայի հետ, օրինակ՝ Սիրիայում. հնարավորինս հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից:
- Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ռազմավարական բնույթ չի կրում, այն ավելի շատ տակտիկական է՝ խնդիրներ լուծելու համար:
- 1914 թվականից Թուրքիան Հարավային Կովկասը գրավելու փորձ է արել:
- Որքան Ռուսաստանի դիրքերը թուլանում են տարածաշրջանում, այնքան դրանից օգտվում է Թուրքիան և ակտիվանում. Թուրքիան նախապատրաստեց և ղեկավարեց արցախյան 44-օրյա պատերազմը՝ վարձկաններ, զենք-զինամթերք փոխադրելով:
- Ռուսական դիվանագիտությունը ստրատեգիական սխալ գործեց, երբ պատշաճ ուշադրություն չդարձրեց, և 2020 թվականի փետրվարին Թուրքիայի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ստորագրվեց՝ Ադրբեջանին նորագույն զենք տրամադրելու մասին:
- Բայրաքթարների վաճառքն ու օգտագործումը մեր տարածաշրջանում փոխեց ուժերի բալանսը, և դա, փաստորեն, թույլ տվեց Ռուսաստանը:
- Թուրքիան զենքերի արտադրության բնագավառում կախվածություն ունի Արևմուտքից. զենքի արտադրության տեխնոլոգիաները հիմնականում գտնվում են Արևմուտքի ձեռքերում:
- 2018-ի հեղափոխությունից հետո, որը, չեմ կարծում, Արևմուտքի ուղղակի միջամտության արդյունք էր, այլ որոշակի քաղաքական ու սոցիալական շարժում էր, Հայաստանը հայտնվեց մի այնպիսի դրության մեջ, որ պետք էր որոշել՝ շարունակել հին արտաքին քաղաքականության վեկտո՞րը, թե՞ ընտրել նորը: Ընտրություն, ըստ էության, տեղի չունեցավ:
- Մեր տարածաշրջանում կան ռազմական, ռազմավարական, քաղաքակրթական, կրոնական տարբերություններ: Դրանք կամ բախվում են, կամ որոշ դեպքերում համագործակցում են միմյանց հետ:
- Մենք պետք է գնայինք այլ՝ ազգային պետականության ճանապարհով, չգնացինք, ընտրեցինք արևմտյան ապրելակերպն ու համակարգը և փորձեցինք դրանք տեղափոխել Հայաստան. այնինչ ի սկզբանե պետք էր գնալ պետականության մեր մոդելով:
- Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գնալը սխալ էր, դրա համար երեք անգամ արդյունք չտվեց: Պետք էր գնալ 1 հիմնական մոտեցմամբ՝ Ցեղասպանության ճանաչում և դատապարտում, ինչպես գրված է մեր Հռչակագրում:
- Աշխարհը մտել է տուրբուլենտ, քաոտիկ իրավիճակի մեջ՝ նախկին արժեքներն առաջնային նշանակություն չունեն, հիմա նոր բևեռներ, նոր հզոր պետություններ են ի հայտ գալիս, իսկ արևմտյան ժողովրդավարական արժեքային համակարգը չի գործում:
- Մարդկային քաղաքակրթությունը դեռևս պատրաստ չէ համամարդկային նշանակության, ժողովրդավարության արժեքներին, աշխարհում կան ուժեր, որոնք այդ արժեքներին գիտակցված դեմ են:
- Ղազախստանի զարգացման վեկտորը որոշ չափով ուղղված էր դեպի պանթուրքիզմ:
- Թուրքիան Ղազախստանում շատ ուժեղ դիրքեր ուներ՝ կրոնական, գիտական, մշակութային ոլորտներում:
- Ղազախստանում ստեղծվել էր մի վերնախավ, որը մտածված քաղաքականության արդյունք էր:
- Ռուսաստանը տարածաշրջանում կորցնում է մենաշնորհը, մենք տեսնում ենք Ռուսաստանի վերջին փորձը՝ պահպանելու իր դիրքերն աշխարհում, եթե ձախողի, ապա տեղի կունենա Հարավային Կովկասի ինտեգրումը Մերձավոր Արևելքին: