Գյումրու քաղաքապետարանում ղեկավար թափուր հաստիքների շքերթ է. ՔՊ-ականները գործի են անցել

Օրեր առաջ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը, սակայն վերջինս միակը չէ, ով հրաժեշտ է տվել իր պաշտոնին:

«Բալասանյան դաշինքի» ցուցակով համայնքի ղեկավար ընտրված Վարդգես Սամսոնյանի, սակայն իրականում ՔՊ-ական տիրապետության տակ գտնվող Գյումրու համայնքապետարանում իսկական կադրային ջարդ է տեղի ունենում, ինչպես և խոստացել էին իշխանությունները՝ անփառունակ կերպով Գյումրու ընտրություններում պարտվելուց, բայց այնուամենայնիվ տարատեսակ, այդ թվում՝ նաև շանտաժի միջոցների գործադրմամբ Գյումրու համայնքապետարանում լրջագույնս դիրքավորվելուց հետո:

Այս պահի դրությամբ թափուր են Գյումրի համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդականի, խորհրդականի, բյուջեի, եկամուտների հավաքագրման, քաղաքաշինության և ճարտարապետության, ծրագրերի և արտաքին կապերի, համայնքի անշարժ գույքի կառավարման, ինչպես նաև արդեն վերը նշված տրանսպորտի բաժինների պետերի հաստիքները:

Այստեղից կարելի է հետևություն անել, որ քաղաքապետարանի աշխատակիցները զանգվածաբար լքում են իրենց աշխատատեղերը:

168.am-ի տեղեկություններով՝ այս ամենն արվում է Գյումրու քաղաքապետարանը մարզպետ Նազելի Բաղդասարյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վերջնականապես «գրավելու» համար:

Առիթից օգտվելով, որ «Բալասանյան դաշինքի» առաջնորդ, Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պայմանավորված առողջական խնդիրներով, գտնվում է արտերկրում, և վերջինիս ընտանիքն էլ զբաղված է նրա բուժման հարցերով, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ ՔՊ-ականների հետ միասին, ըստ մեզ հասած տեղեկությունների, ակտիվորեն զբաղված է Գյումրու քաղաքապետարանի բոլոր «յուղոտ» պաշտոններն իրենց ձեռքը վերցնելու գործով:

Մասնավորապես, տրանսպորտի բաժնի պետի գործառույթների թվում է երթուղիների սպասարկման համար տրանսպորտային լիցենզիաների բաշխման գործընթացի համակարգումը, և պարզ է, որ, օրինակ, «գծի տերերի» հարցը որոշելու սրբազան գործը հենց իշխանական թիմից պետք է լինի:

«Քաղաքի ներսում տրանսպորտային փոխադրումներ իրականացնող յուրաքանչյուր երթուղայինից «գծի տերը» մինչև 15 000 դրամ գումար կարող է օրական ունենալ, ինչո՞ւ պիտի թողնեին, որ նախկին պետը շարունակեր պաշտոնավարել, եթե կարող են ֆինանսական հոսքերն ուղղել դեպի իրենց գրպանը»,- ասաց Գյումրիի մեր աղբյուրը:

Տեսանյութեր

Լրահոս