Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու Հայկ Թորոյանի վճռի նման վճիռները ապացուցում են դա. Արա Ղազարյան

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը գրում է. «Ինչպես արդեն իմ գործընկերները տեղեկացրել են, տեղի կունենա մամուլի ասուլիս Եվրոպական դատարանի Վ․Թ․-ն ու այլոք ընդդեմ Ադրբեջանի վճռի թեմայով։ Հայտարարությունը կարող եք տեսնել ստորև։ Խնդրում ենք բոլորին, ում հետաքրքիր է, ներկա գտնվել, կամ այլ կերպ հետևել ասուլիսին։

Սա երկրորդ վճիռն է ընդդեմ Ադրբեջանի, որը վերաբերում է Ադրբեջանի զինծառայողների կողմից պատերազմական հանցագործություններ կատարելուն։ Նման գործերը սովորաբար դժվարությամբ են հաղթահարում Եվրոպական դատարանի ընդունելիության փուլը, քանի որ ՄԻԵԴ-ը հաճախ զինված հակամարտության (պատերազմի) ակտիվ փուլում տեղի ունեցած խախտումները տեսնում է բացառապես հումանիտար իրավունքի դաշտում։ Սակայն ՄԻԵԴ-ը արդեն երկրորդ անգամ հրաժարվեց դա անել։ Գուցե պատճառը ապացույցներն էին, որոնք իրավաբաններին հաջողվել էր մանրամասնորեն հավաքել, ամրագրել ու բավարար համակցությամբ ներկայացնել դատարանին, իսկ գուցե պատճառը հանցավոր արարքների առանձնակի դաժանությունն էր։

Հանցավոր արարքները տեղի էին ունեցել Արցախի Թալիշ գյուղի հյուսիս-արևելյան վերջնամասում, որտեղ ադրբեջանցիների դիվերսիոն խումբը, շրջանցելով Թալիշի դիրքերը, առավոտյան դարանակալել էր դեպի դիրքեր զինամթերք տանող բեռնատարը։ Ամենայն հավանականությամբ դա նույն դիվերսիոն խումբն էր, որը մի քանի ժամ առաջ կատարել էր մեկ այլ ահասարսուռ հանցագործություն, սպանելով երեք տարեց անձանց, որոնց խոշտանգված մարմինների լուսանկարները ՀԵՏՔ-ի հետաքննող լրագրողները որոշեցին տարածել աշխարհով մեկ, ու այդ լուսանկարները փոխեցին պատերազմի դեմքը՝ աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ հասկացած, որ Ադրբեջանը վարում էր հանցավոր պատերազմ, որը բնավ ինքնապաշտպանություն չէր՝ ինչպես ներկայացվում էր այդ օրերին, ինչպես նաև 2020 ու 2023 թվականներին։

Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու նման վճիռները հաստատում են դա։ Միջազգային տրիբունալի ցանկացած դատական ակտ պատմական փաստ է, ու նման փաստերն այլևս հնարավոր չէ հերքել՝ խոսույթներով, կեղծ պատմույթներով, կեղծ օրակարգերով։ Ադրբեջանը նման միջազգային դատական ակտերին կարող է հակադրել միայն մեկ բան՝ իր դատարանների դատական ակտերը։ Սակայն դրանք նախ պետք է բավարարեն արդար դատական քննության չափանիշները։ Առայժմ դա չի հաջողվել անել։

Առջևում 22 նոր վճիռներ են՝ նույնանման դաժան փաստերով։ Ի՞նչ կհակադրի դրանց Ադրբեջանը։

Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին համատեղ աշխատանքի համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930