Օմիկրոնի ախտանշանները շատ նման են այլ շտամերով վարակված անձանց մոտ առկա ախտանշաններին․ Ռոմելլա Աբովյան
Բուստեր-չափաբաժնով պատվաստվելը բավականին արդյունավետ է նաև օմիկրոնի դեմ պայքարում: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նա նշեց , որ եթե արդեն կա օմիկրոն շտամով վարակված երկու դեպք, որպես մասնագետ չի բացառում, որ օմիկրոնը արդեն շրջանառվում է նաև Հայաստանում: Եթե ամբողջ աշխարհում և մեր հարևան երկրներում կա, բնականաբար, Հայաստանը չէր կարող զերծ մնալ:« Այս պահին որոշ խմբերի շրջանակներում պարբերաբար իրականացվում է այդ հետազոտությունները, տվյալ դեպքում նմուշները վերցրել են սահմանի անցման կետ մուտք գործած անձանցից: Գործընթացը շարունակական է մեր հետազոտությունները շարունակվում են տարբեր խմբերի բուժառուների շրջանակում, ովքեր ունեն ախտանշաններ, որպեսզի պարզենք, թե՞ որտեղից է անջատվում օմիկրոնը այսինքն ունե՞նք շրջանառություն, թե՞ ոչ: Հաստատված երկու դեպքերը ՀՀ քաղաքացիներ են, կլինիկական թեթև ընթացքով: Նրանք բուժումը ստանում են տանը»,- ասաց մասնագետը:
Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ օմիկրոնի ախտանշանները շատ նման են այլ շտամերով վարակված անձանց մոտ առկա ախտանշաններին՝ ջերմության բարձրացում, հազ, քթից արտահոսք, մկանացավ:
«Ըստ միջազգային կազմակերպության հետազոտության տվյալների օմիկրոնի պարագայում շատ ավելի քիչ է ախտահարվում թոքային հյուսվածքը, և թոքաբորբեր ավելի քիչ են առաջանում: Սա ասում եմ այսօրվա տվյալով, քանի որ այն անընդհատ շարունակական հետազոտության փուլում է, և չի բացառվում, որ մի քանի օր հետո նոր տեղեկատվություն ունենանք»,- ասաց Աբովյանը: