«Մանթաշով» բիզնես ակումբի անդամների հետ հանդիպելուց հետո Վահան Քերոբյանն առաջարկում է տուրքերից ազատել ՓՄՁ–ներին. ՊԵԿ նախագահը դեմ է՝ չարաշահման վտանգ կա

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին հարցը։ Զեկուցող Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ հարցը ներկայացնելիս շատ կարևոր է դրա նախապատմությունից սկսելը․

«Էկոնոմիկայի նախարարությունը շատ է կարևորում պետություն-կառավարություն երկխոսությունը, և այդ երկխոսության շրջանակներում հանդիպում եմ ունեցել «Մանթաշով» բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ, որոնցից մեկը հարց բարձրացրեց, որ իր դրամապանակների արտահանման մաքսատուրքն այնքան բարձր է, որ ստիպված են իրենց բիզնեսը հանել Հայաստանից։ Մենք ուսումնասիրեցինք և տեսանք, որ լուրջ խոչընդոտ է փոքր ու միջին ձեռնարկությունների համար՝ արտահանում իրականացնելիս, և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ենք առաջարկում, որի համաձայն՝ մինչև 1 միլիոն դրամի ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատվի։ Սա պետության վրա նստելու է տարեկան ընդամենը 100 միլիոն դրամ, բայց ես կարծում եմ, որ իր տնտեսական էֆեկտը լինելու է շատ-շատ մեծ, ինչպես, օրինակ, եղավ, երբ մենք գինու արտահանման վճարը հանեցինք, այդ վճարը հանելուց հետո 2021 թվականին մոտավորապես 50 տոկոսով աճեց գինու արտահանումը դեպի Եվրոպա»։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, սակայն, առաջարկվող փոփոխության մեջ խնդիր է տեսնում․

«Պետական տուրքից ազատելու հետ կապված խնդիր ենք տեսնում հետևյալ իմաստով, որ կարող ենք ունենալ մեծ գումարի արտահանում, բայց իրականացնենք բաշխում տարբեր սուբյեկտների միջև։ Այսինքն՝ եթե սուբյեկտն իմանա, որ մինչև 1 միլիոնն արտոնության տակ է, հնարավոր է՝ վերաբաշխում իրականացնեն և ամեն փոխադրումն արհեստականորեն տեղավորեն այս արտոնության տակ։ Մեր կարծիքն այն է, որ միգուցե թիրախային խրախուսել ՓՄՁ-ների արտահանումը, քան նման փոփոխությամբ, որը տարբեր չարաշահումների առիթ կարող է ստեղծել․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս