Թուրքիան չի հրաժարվել իր որևէ նախապայմանից, իսկ հայկական կողմը հրաժարվել է իր բոլոր դիրքորոշումներից, այդ թվում՝ պատմական. Տարասով
Հունվարի 14-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը: Այս մասին օրերս հաղորդել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Երևանն ու Անկարան դեկտեմբերին հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան, փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Թեև հայկական կողմը հրապարակայնորեն հայտարարում է, թե բանակցություններն առանց նախապայմանների են, սակայն դեռ ամռանն էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ներկայացրել որոշ նախապայմաններ հայկական կողմին:
Թուրքիայի նախագահը դեռևս օգոստոսին նշել էր, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Նա նաև ասել էր,թե նորագույն պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի, և, որ պետք է կառուցողական քայլեր ձեռնարկվեն կայուն խաղաղության և համակեցության համար: Էրդողանն ասել է.
«Եթե Երևանը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ, Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ։ Ժամանակն է կայունությունը և խաղաղությունը դարձնել մշտական և պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար»:
Թուրքիայի նախագահն ընդգծել էր, որ նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, ու պնդել, թե Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի համար: «Ինչպես և համաձայնեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ամբողջ տարածաշրջանը բացելով` նոր հնարավորություններ կառաջանան, որոնք կփոխեն Հարավային Կովկասը: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, ովքեր ցանկանում են լավ օգտագործել այս պատմական հնարավորությունը»: Ամենայն հավանականությամբ, հայկական կողմը համաձայնել է առաջ շարժվել հենց այս փաթեթով, քանի որ Էրդողանը հստակեցրել էր, որ սա ընդունելուց հետո միայն Անկարան կսկսի աշխատանքը:
Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան Քորքմազջանն էլ իր հերթին հայտնել է օրերս, թե Թուրքիան որ դեպքում պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի։ Թուրքական Aydinlik–ի փոխանցմամբ՝ Հասան Քորքմազջանը, ով ներկայում Թալեաթ Փաշա միության նախագահն է, շեշտել է, որ Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի միայն Հայաստանի կողմից 4 նախապայմանների կատարման դեպքում։
1. Անմիջապես իրականացնել 2020-ի նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։
2. Հայաստանը պետք է հարգի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և հայտնի դրա մասին։
3. Հայաստանը պետք է հրաժարվի «ցեղասպանության պնդումներից», քանի որ հենց ՄԻԵԴ-ում Փերինչեք-Շվեյցարիա դատական գործընթացում շեշտեց, որ այն սուտ է։
4. Պետք է վերջ դնի Թուրքիայի դեմ թշնամանքին և ապամոնտաժի Շիրակի մարզում տեղադրված և թուրք ազգին նվաստացնող արձանը (Սողոմոն Թեհլերյանի արձանը.- խմբ.):
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Թուրքիան չի հրաժարվել իր որևէ նախապայմանից, իսկ հայկական կողմը հրաժարվել է իր բոլոր դիրքորոշումներից, այդ թվում՝ պատմական:
Ըստ նրա, նախապայմանների հարցում կոնկրետ տարաձայնություններ չկան, կողմերը փորձում են կարգավորել հարաբերությունները, դա անել նաև առանց Մոսկվայի ուղիղ միջամտության:
Տարասովի տպավորությամբ, թեև հանդիպումը Մոսկվայում է լինելու, Մոսկվան որևէ դերակատարություն չունի հայ-թուրքական երկխոսությունում, այն ՌԴ վերահսկողությունից դուրս է:
«Առաջին հանդիպումից երևի թե մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ, թեև երևի ընդհանուր առմամբ հայտնի են այն սցենարները, թե ինչ ուղիով կգնա բանակցային գործընթացը: Սակայն պետք է ուշադրություն հրավիրեմ նաև նրա վրա, որ տարածաշրջանում օր օրի են փոփոխություններ տեղի ունենում, այդ թվում՝ Թուրքիայում կարող են փոփոխություններ լինել, ինչո՞ւ ոչ, կամ հարակից գոտիներում, ուստի հստակորեն կանխատեսել որևէ ելք հնարավոր չէ: Ինչպես տեսնում եք, իրավիճակը Թուրքիայի համար ևս բարդ է Միջին Ասիայում, երկրի ներսում և այլ տարածաշրջաններում, ՌԴ-ն էլ իր հերթին իր մարտահրավերներն ունի՝ բանակցություններ Արևմուտքի հետ, այս ամենում Հայաստանի հարցերը շատ փոքր են թվում, բայց դրանց վրա կարող է ազդել այն ամենը, ինչ տեղի է ունենում ավելի մեծ ու կարևոր ռեգիոններում մեծ խաղացողների միջև: Այնպես որ` կսկսվեն հանդիպումները, ու կողմերը կպատրաստվեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման, հետո՝ սահմանների բացման, բայց յուրաքանչյուր գործընթաց կարևոր է, իսկ այդ գործընթացները հիմա շատ են»,- ասաց վերլուծաբանը: