«ՔՊ-ն դիմել է վարչական դատարան. Ժողովուրդը չի հանդուրժի, եթե լծակներ օգտագործեն, ճնշեն». Գեղամասար համայնքի ղեկավար

«Այս պահին սպասողական վիճակում ենք. ՔՊ-ն դիմել է վարչական դատարան, և մենք սպասում ենք դատարանի որոշմանը»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վարդենիս խոշորացված համայնքի հետընտրական գործընթացներին` նշեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Համայնքի ղեկավարը պնդեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների գործողություններն անօրինական են, սակայն նրանք բոլոր լծակներն ուզում են օգտագործել, որպեսզի ճնշեն ժողովրդին:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Վարդենիս խոշորացված համայնքում 12 մանդատ ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», 10՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը, 5՝ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը:

«Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքները հուշագիր էին ստորագրել՝ համայնքապետի թեկնածու Ահարոն Խաչատրյանին ընտրելու մասին: Սրան հաջորդել էր «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի ձերբակալությունը: Դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստն անցել էր բավականին լարված մթնոլորտում, բերման էին ենթարկվել ավագանու ընդդիմադիր անդամները:

Արդեն հունվարի 4-ին ոստիկանական ուժերը թույլ չէին տվել, որ ավագանու ընտրված անդամները մուտք գործեն համայնքապետարանի շենք, ուստի համայնքի ղեկավար ընտրված «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը ստիպված էին անցկացնել դրսում:

«Եթե դատարանի վճիռն էլ պետք է իրենց ուզածով լինի, նշանակում է՝ այստեղ մենք ոչ դատարան ունենք, ոչ երկիր, ոչ մի բան էլ չունենք: Ամեն դեպքում, ժողովուրդը չի հանդուրժի, եթե լծակներ օգտագործեն, ճնշեն ժողովրդին ու իրենց ուզածն անցկացնեն»,- շարունակեց Հակոբ Ավետյանը:

Քանի որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերում թշնամու զինված ուժերի ներկայացուցիչները դիմել էին հերթական սադրանքին և կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք նաև, թե այս պահին ինչ իրավիճակ է սահմանամերձ շրջաններում, ի պատասխան՝ նա փոխանցեց. «Այս պահի դրությամբ հանդարտ է, կրակոցներ չկան, բայց իրենց կուտակված զորքը շարունակում է մնալ: Իրենք ամուր դիրքավորվել են իրենց կանգնած տեղերում և արդեն շինարարություններ են իրականացնում, ամրացնում իրենց դիրքերը»:

Ի դեպ, համայնքի ղեկավարի պնդմամբ՝ բնակչության մոտ առկա են անկումային տրամադրություններ՝ թե՛ հետպատերազմական իրողություններով պայմանավորված, թե՛ նաև հետընտրական գործընթացներով:

«Չկա մի լավ բան, որ ժողովրդի տրամադրությունը բարձր լինի. բոլորն էլ հուսահատված են»,- նշեց Հակոբ Ավետյանը:

Ի դեպ, Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի հաստատումից հետո դադարելու են նաև Գեղամասար համայնքի ղեկավարի լիազորությունները. խոշորացված համայնքի ղեկավարն է ձևավորելու իր վարչակազմը:

Տեսանյութեր

Լրահոս