«Կրակոցները սկսվել են այսօր ժամը 14։20-ից, դրանք հայկական կողմը լռեցրել է ժամը 15։00-ի կողմերը». Վերին Շորժայի գյուղապետ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերում թշնամու զինված ուժերի ներկայացուցիչները դիմել են հերթական սադրանքին և կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

168.amի հետ զրույցում Վերին Շորժայի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ կրակոցները լսել են նաև գյուղում։

«Կրակոցները սկսել են այսօր ժամը 14։20-ից, դրանք հայկական կողմը լռեցրել է ժամը 15։00-ի կողմերը։ Կապ եմ հաստատել մեր դիրքապահների հետ, ասել են, որ այժմ ամեն ինչ կարգին է, վիրավորներ չկան, նորմալ է»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ այս տարի թշնամու կողմից սա արդեն երկրորդ նմանատիպ սադրանքն է։

«Թշնամին փորձել էր նման սադրանքի դիմել  դեկտեմբերի 31-ի կեսգիշերին, մի քանի անգամ կրակելուց հետո, մերոնք կրկին լռեցրել էին։ Փառք Աստծո, այս պահին ամեն ինչ նորմալ է»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, երբ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հայ զինվորները հետ քաշվեցին իրենց զբաղեցրած դիրքերից, հարակից բոլոր բնակավայրերն ու գյուղերը հայտնվեցին թշնամու թիրախում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31