ԲԴԽ-ն միաձայն որոշեց՝ Զարուհի Նախշքարյանը չի ենթարկվի կարգապահական պատասխանատվության
2021թ. դեկտեմբերի 27-ին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ավարտվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
ԲԴԽ-ն հեռացել էր խորհրդակցական սենյակ. այսօր որոշման հրապարակման օրն է: ԲԴԽ որոշումն ընթերցող ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց՝ Զարուհի Նախշքարյանը չի ենթարկվի կարգապահական պատասխանատվության. Արդարադատության նախարարի միջնորդությունը մերժվեց:
Որոշումը ԲԴԽ-ն ընդունել է միաձայն:
Ըստ ներկայացված միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 191-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված նորմերի խախտումներ:
Դատավորը համամիտ չէ միջնորդության հիմնավորումների հետ և գտնում է, որ այն ենթակա է մերժման:
«Ինչո՞ւ եմ ես ներկայանում կարգապահական վարույթներով ամեն դատական նիստին, եթե ինձ չի հետաքրքրում ԲԴԽ որոշումը: Ասեմ. ես գտնում եմ, որ այս նիստը նայող իրավաբանները՝ դատավորները, փաստաբանները պետք է ունենան համոզմունք, որ նախարարի կողմից առարկայազուրկ և նման սնանկ ապացույցներով հարուցված միջնորդությունները չեն կարող կյանք ունենալ: Դատավորները չպետք է վախենան իրենց՝ որոշումներ կայացնելու պարտականություններից և լիազորություններից, թեև համոզված եմ՝ գործադիր իշխանությունը հենց դա է նպատակ դրել՝ նման միջնորդություններ հարուցելով: Ես համոզված եմ, որ նախարարի՝ դատական համակարգին և դատավորներին վախեցնելու առաքելությունը չի հաջողելու, անկախ նրանից՝ ով այդ ջրաղացին ջուր կլցնի՝ ԲԴԽ-ն, այլ դատավորնե՞ր, թե՞ վերադաս ատյաններ: Ես այս ամբիոնի մոտ ուզում եմ խոստանալ՝ դատավորները խամաճիկ չեն դառնալու, անկախ նրանից՝ ես կմնա՞մ համակարգում, թե՞ ոչ»,- վերջին նիստի ընթացքում իր խոսքը եզրափակել էր դատավոր Զարուհի Նախշքարյանը:
Ավելի վաղ դատավորն ասել էր. «Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ԲԴԽ-ն ինչ որոշում կկայացնի, ես պատրաստ եմ ամեն ելքի։ Բայց ես ուզում եմ, որ ԲԴԽ-ն այնպիսի որոշում կայացնի, որը չի անդրադառնա մեր ողջ դատական համակարգի վրա, և հնարավորություն չի տա այսպիսի խայտառակ դատավարությունների»։
Նա նշել էր, որ ո՛չ հայցվոր կողմը, ո՛չ պատասխանողը, և ո՛չ էլ վերաքննիչ դատարանը չեն գտել, որ ինքը թույլ է տվել որևէ դատավարական խախտում. այդ կերպ համարում է միայն միջնորդություն հարուցած անձ նախարարը։