
«Այս ամբիոնի մոտ ուզում եմ խոստանալ՝ դատավորները խամաճիկ չեն դառնալու, անկախ նրանից՝ ես կմնա՞մ համակարգում, թե՞ ոչ». Զարուհի Նախշքարյան

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ավարտվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի 2022 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 15:00-ին:
Ըստ ներկայացված միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 191-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված նորմերի խախտումներ:
Դատավորը համամիտ չէ միջնորդության հիմնավորումների հետ և գտնում է, որ այն ենթակա է մերժման:
Իր եզրափակիչ ելույթում Զարուհի Նախշքարյանը մասնավորապես նշեց, որ ԲԴԽ անդամները չեն ծանոթանում նյութերին, և դա է պատճառը, որ ինքը պնդում է իր վերաբերյալ քննության նյութերն ընթերցել բարձրաձայն: Որպես օրինակ՝ բերեց իր ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքին ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանի արձագանքը:
«Ինչո՞ւ եմ ես ներկայանում կարգապահական վարույթներով ամեն դատական նիստին, եթե ինձ չի հետաքրքրում ԲԴԽ որոշումը: Ասեմ. ես գտնում եմ, որ այս նիստը նայող իրավաբանները՝ դատավորները, փաստաբանները պետք է ունենան համոզմունք, որ նախարարի կողմից առարկայազուրկ և նման սնանկ ապացույցներով հարուցված միջնորդությունները չեն կարող կյանք ունենալ: Դատավորները չպետք է վախենան իրենց՝ որոշումներ կայացնելու պարտականություններից և լիազորություններից, թեև համոզված եմ՝ գործադիր իշխանությունը հենց դա է նպատակ դրել՝ նման միջնորդություններ հարուցելով: Ես համոզված եմ, որ նախարարի՝ դատական համակարգին և դատավորներին վախեցնելու առաքելությունը չի հաջողելու, անկախ նրանից՝ ով այդ ջրաղացին ջուր կլցնի՝ ԲԴԽ-ն, այլ դատավորնե՞ր, թե՞ վերադաս ատյաններ: Ես այս ամբիոնի մոտ ուզում եմ խոստանալ՝ դատավորները խամաճիկ չեն դառնալու, անկախ նրանից՝ ես կմնա՞մ համակարգում, թե՞ ոչ»,- իր խոսքը եզրափակեց դատավոր Զարուհի Նախշքարյանը: