Նիկոլ Փաշինյանի թաքնված աջակիցները
2018 թվականի իրադարձություններից հետո Հայաստանում շատերը դարձան նիկոլականներ։ Այն ժամանակ դա մոդայիկ էր և հնարավորություն էր տալիս որևէ կերպ խցկվել նոր ձևավորվող իշխանության կազմում։
Խցկվողները տեղավորվեցին, իսկ բոլոր դուրս մնացածները շարունակեցին նիկոլականության ամենատարբեր դրսևորումները՝ կրկին խցկվելու հեռանկարով։ Այդպես դիրքավորվողների մեջ մեծ թիվ էին կազում ու շարունակում են կազմել, այսպես կոչված, էլիտաների ներկայացուցիչները, մտավորականության որոշակի շերտ, իրենց հասարակ քաղաքացիներից վեր դասողները։
Արցախյան վերջին պատերազմը Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա դավաճանի, հող հանձնողի խարան դաջեց, և դրանից հետո նիկոլականությունը դարձավ պակաս մոդայիկ։ Սակայն, քանի որ նույն Նիկոլ Փաշինյանի մեղքով պատերազմի բերած արհավիրքից հետո հանրային-քաղաքական կյանքում պահանջվում է, այդուհանդերձ, դիրքորոշում ունենալ, նախկին նիկոլականներից շատերը դարձան, ինչպես իրենք են ասում՝ ոչմիբանական։
Այս դիրքավորման իմաստն այն է, համենայնդեպս դրա կրողներն են այդպես ներկայացնում, որ իրենք դեմ են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, բայց քանի որ դեմ են նաև այդ իշխանության դեմ պայքարողներին, գերադասում են հանդես գալ՝ որպես ոչմիբանական։
Իրականում գրեթե բոլոր նման կերպ դիրքավորվողները բովանդակային հարթությունում սպասարկում են նույն Նիկոլ Փաշինյանի, գործող իշխանության շահերը, որովհետև այն ամենից հետո, ինչ Արցախի ու Հայաստանի հետ պատահել է այդ իշխանության մեղքով, լինել ոչմիբանական, այսինքն՝ չունենալ հստակ հակաիշխանական դիրքորոշում, նշանակում է՝ մեծագույն աջակցություն ցուցաբերել նույն այդ իշխանությանը։ Եթե անգամ մասնավոր զրույցներում գլխի շարժումով համաձայնության նշան են ցույց տալիս «Նիկոլ, դավաճան» վանկարկումներին։
Արցախյան վերջին պատերազմը՝ կորսված հայրենիքն ու հազարավոր զոհերը, կարմիր գիծ են քաշել այդ աղետների հետ թեկուզ անուղղակի առնչություն ունեցողների և բոլոր նրանց միջև, ովքեր պայքարում են առաջինների դեմ։
Այդ գիծը կարմիր է ոչ միայն այն պատճառով, որ այդպես է ընդունված անվանել սահմանազատող գծերին, այլ որովհետև այն ներկված է հազարավոր հայորդիների արյամբ։
Այդ պայմաններում լինել ոչմիբանական՝ դա պատճառաբանելով Նիկոլի դեմ պայքարողների անցյալով կամ որևէ այլ պատճառով, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ լատենտ սատարում Նիկոլ Փաշինյանին, այսինքն՝ հայրենիքի հանձնման շարունակությանը, այսինքն՝ Արցախի մոռացումին, այսինքն՝ Հայաստանի տարածքների նորանոր զիջումներին։
Իրականում ոչմիբանականությունը շատ ավելի վտանգավոր ու ցածր վարքագիծ է, քան ուղղակի սատարելը Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։
Փաշինյանին ամենատարբեր պատճառով սատարողները գոնե ունեն ազնվություն և դա անում են սեփական դեմքով ու անունով։
Իսկ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս կեղծ չեզոքության դիրքերից, նույնն անում են անանուն՝ առանց պատասխանատվության։
Ռոբերտ Տեր-Սարգսյան