
ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել վերերկրյա կայանքից. Yonhap

ԿԺԴՀ-ն վերերկրյա կայանքից մեկ, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեի տվյալները:
Նշվում է, որ հարավկորեացի զինվորականները գտնվում են ԱՄՆ-ի հետ շփման մեջ եւ շարունակում են վերլուծել արձակման մասին տվյալները: Ճապոնիայի առափնա պահպանության տվյալներով՝ հրթիռն ընկել է Ճապոնական ծովը: Ինչպես նշում է NHK հեռուստաալիքը, անկման վայրը, նախնական գնահատումներվ, գտնվում է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս:
Այս պահին Ճապոնիայի պաշտպանական գերատեսչությունը նույնպես վերլուծում է հունվարի 5-ին ԿԺԴՀ-ի իրականացրած արձակման մասին տեղեկատվությունը եւ առայժմ չի կարող ստույգ տվյալներ տրամադրել հրթիռի անկման վայրի, թռիչքի բարձրության եւ այլ մանրամասնությունների մասին: Վերջին անգամ ԿԺԴՀ-ն հրթիռային փորձարկումներ է կատարել անցյալ տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ նա իրականացրել է սուզանավերի նոր բալիստիկ հրթիռի արձակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: